Լոնդոնի լորդ-քաղաքապետի պաշտոնը, ում իրավասությունները տարածվում են միայն մայրաքաղաքի պատմականորեն գործարար շրջանի՝ Սիթիի վրա, զբաղեցրել է նախկին բանկիր Ալեն Յարոուն: Այս մասին գրում է ՏԱՍՍ գործակալությունը՝ վկայակոչելով լոնդոնյան մամուլը:
Ալեն Յարոուն դարձել է 687-րդ լորդ-քաղաքապետը: «Ես իմ գլխավոր խնդիրն եմ համարում լոնդոնյան Սիթիի ձեռներեցության ոգու պահպանումն ու բրիտանական ժողովրդի առեւտրային ոգու ամրապնդումը»,- հայտարարել է նոր լորդ-քաղաքապետը:
Աղբյուրը հիշեցնում է, որ Լոնդոնի լորդ-քաղաքապետի պաշտոնը ստեղծվել է 1189 թվականին: Ավանդաբար նա ընտրվել է Սիթիի բնակիչների կողմից, այլ չի նշանակվել միապետի կողմից: Լորդ-քաղաքապետն այդ պաշտոնը զբաղեցնում է մեկ տարի: Այժմյան Անգլիայում լորդ-քաղաքապետի գործունեությունը հիմնականում արարողակարգային բնույթ է կրում: Քաղաքի գործերով զբաղվում է Լոնդոնի քաղաքապետը, որն ընտրվում է մայրաքաղաքի բոլոր բնակիչների ուղղակի քվեարկության արդյունքում: Այդ պաշտոնը ներկայում զբաղեցնում է Պահպանողական կուսակցության ազդեցիկ ներկայացուցիչ Բորիս Ջոնսոնը:




























