Գործարար, ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը 76-ամյա թոշակառու Պայծառ Մակարյանից չի պահանջել հրապարակավ ներողություն խնդրել իրենից: Այս մասին այսօր՝նոյեմբերի 9-ին, «Նիգ-Ապարան» հայրենակցական միության 6-րդ համագումարից առաջ NEWS.am-ի հետ զրույցում ասաց Սամվել Ալեքսանյանը՝ հերքելով Պայծառ Մակարյանի այն խոսքը, որ պատգամավորը խոստացել է օգնել, պայմանով, որ հրապարակայնորեն ներողություն կխնդրի:
Թոշակառուն, որը նոյեմբերի 6-ին Կառավրության շենքի մոտ էր եկել Սամվել Ալեքսանյանից ներողություն խնդրելու, NEWS.am-ին պատմել էր http://news.am/arm/news/237930.html. «Ես իրանց ասել էի կանալիզացիայի համար, որ չեն վերանորոգում, կգնամ ուրիշ տեղ կասեմ, իրենք ընդհատեցին, կանալիզացիան չքաշեցին: Պարոն Սամվել Ալեքսանյանը ինձ ասել է՝ գնա լուսաբանի, քո ասածների համար ներողություն խնդրի, որ քեզ օգնեմ: Հիմա ես ներողություն եմ խնդրում պարոն Ալեքսանյաններից, որ ինձ օգնեն: Մեծ կնիկ եմ, չեմ հասկացել»։
Սամվել Ալեքսանյանը սակայն վստահեցրեց, որ ինքը նման բան չի պահանջել:
«Ինքը մեր լավ տատիկն ա, ես էդ ձեւ բան չեմ ասել: Տատիկը սաղ օր մեր տունն ա: Ուղղակի տատիկը մի քիչ մեծացել ա»,- ասաց Սամվել Ալեքսանյանը եւ վստահեցրեց, որ օգնելու է նորոգել Պայծառ Մակարյանի տան կոյուղին:
Հիշեցնենք, որ NEWS.am-ի հետ զրույցում թոշակառուն ասել էր, որ 5 տարի շարունակ եւ Սամվել Ալեքսանյանը, եւ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Արտակ Ալեքսանյանն իրեն օգնել են։



























