Ռուսաստանն ու Չինաստանը նոյեմբերի 9-ին 17 փաստաթուղթ են ստորագրել, այդ թվում՝ գազային ոլորտում համագործակցության մասին համաձայնագիր: Այս մասին գրում է ՏԱՍՍ գործակալությունը:

Կողմերը հուշագիր են ստորագրել Ռուսաստանից «արեւմտյան երթուղով» դեպի Չինաստան գազի մատակարարման մասին, որը ենթադրում է Չինաստանին գազի մատակարարում Արեւմտյան Սիբիրից: Ուղղակի մատակարարումները ծրագրվում է սկսել 2019 թվականից:

«Գազպրոմ»-ն ու Չինական ազգային նավթագազային կորպորացիան (CNPC) 2014 թվականի մայիսի 21-ին պայմանագիր էին ստորագրել Չինաստանին 30 տարվա ընթացքում գազի մատակարարման մասին: Պայմանագրի ընդհանուր արժեքը 400 մլրդ դոլար է կազմելու:

Բացի այդ, նոյեմբերի 9-ին շրջանակային համաձայնագրեր են ստորագրվել «Ռոսնավթ»-ի եւ Չինական ազգային նավթագազային կորպորացիայի միջեւ՝ China national oil and gas exploration and development ընկերության կողմից «Վանկորնավթ»-ում 10% մասնեբաժնի ձեռքբերման մասին:

Կողմերը նաեւ համաձայնագիր են ստորագրել հիդրոմարտկոցային կայանների շինարարության բնագավառում համագործակցության մասին, Ռուսաստանի Խնայբանկի եւ Չինաստանի Արտահանման-ներմուծման բանկի միջեւ վարկային գծի մասին շրջանակային համաձայնագիր, ինչպես նաեւ այդ ինստիտուտների միջեւ գնորդի վարկի մասին համաձայնագիր: