Սերբ հաղորդավարուհի Կատարինա Սրեչկովիչին Բելգրադի «Պարտիզան» եւ «Ցրվենա Զվեզդա» թիմերի խաղի ժամանակ խնդրել են հեռանալ դաշտի եզրագծից: Այս մասին տեղեկացնում է Direct Press-ը:
Ակումբների ներկայացուցիչների կարծիքով, իր արտաքին տվյալների պատճառով աղջիկը ֆուտբոլիստներին շեղում է խաղից: «Ինձ հետ սա առաջին անգամ չի պատահում: Երկու անգամ արդեն խնդրել են հեռանալ դաշտից, քանի որ ես բոլորին շեղում եմ: Խաղացողները նույնիսկ բողոքել են, որ իմ պատճառով չեն կարողանում ինչպես հարկն է՝ կենտրոնանալ»,- դժգոհել է Սրեչկովիչը:
Աղջիկը «Ցրնեվա Զվեզդա»-ի մեծ երկրպագուն է եւ ակումբային հեռուստաալիքում ֆուտբոլային շոու է վարում: Իր աշխատանքը նա համարում է ամբողջ կյանքի գործը եւ հիմա մտավախություն ունի, որ միջադեպի պատճառով կարող է կորցնել տեղը:
Բելգրադի «Պարտիզան» եւ «Ցրվենա Զվեզդա» թիմերի խաղերը համարվում են ամենասկզբունքայինը Սերբիայում: Վերջին պայքարն ավարտվել է 1:0 հաշվով՝ հօգուտ պարտիզանների:




























