Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է «ՔԵՆԴԼ» սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտ:
Սերժ Սարգսյանը «ԱՐԵԱԼ» գծային արագացուցչի սրահում ծանոթացել է «ՔԵՆԴԼ» նախագծի առաջին փուլի` «ԱՐԵԱԼ»-ի աշխատանքներին եւ ինստիտուտի միջազգային համագործակցության ծրագրերին:
Գծային արագացուցչի գերկարճ ճշգրիտ էլեկտրոնային փնջերը հնարավորություն են տալիս ժամանակակից փորձարարական հետազոտություններ կատարել արագացուցչային տեխնոլոգիաների, կոհերենտ ճառագայթման աղբյուրների եւ գերարագ պրոցեսների ուսումնասիրման բնագավառներում: Նման հետազոտություններն այսօր աշխարհի առաջատար արագացուցչային կենտրոնների կարեւորագույն գերակա ուղղություններից են: «ԱՐԵԱԼ» արագացուցիչն ընդգրկում է մի շարք բնագավառների՝ լազերային ֆիզիկայի, բարձր հաճախային տեխնիկայի, գերվակուումային սարքավորումների, ղեկավարման գերճշգրիտ համակարգերի, տարբեր ֆիզիկական պրոցեսների վերահսկման եւ համապատասխանեցման առաջավոր տեխնոլոգիաները:
«ՔԵՆԴԼ» սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտում այնուհետ կայացել է «ՔԵՆԴԼ» ՍՀԻ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը` խորհրդի պատվավոր նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ: Նիստի ընթացքում ինստիտուտի տնօրեն Վասիլի Ցականովը հոգաբարձուների խորհրդին ներկայացրել է ինստիտուտի զարգացման առաջիկա եւ երկարաժամկետ ծրագրերը, որոնք միտված են երկրում կատարվող բնագիտական տարբեր ուղղությունների փորձարարական հետազոտությունները բարձրացնելու նոր՝ առաջավոր մակարդակի: Հոգաբարձուների խորհուրդը քննարկել է «ՔԵՆԴԼ» սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտ 2013-14թթ. գործունեության հաշվետվությունը, «ԱՐԵԱԼ» արագացուցչի զարգացման եւ Հայաստանում «ՔԵՆԴԼ» սինքրոտրոնային լույսի աղբյուրի ստեղծման գործողությունների ծրագիրը, ինչպես նաեւ ինստիտուտի 2015թ. բյուջեն:
***
Լրացուցիչ տեղեկություններ
«ԱՐԵԱԼ» արագացուցչի առաջին էլեկտրոնային փունջը ստացվել է 2013թ. դեկտեմբերի 20-ին, իսկ 2014թ. մայիս-հունիս ամիսներին ավարտվել են արագացուցչի հիմնական համակարգերի կարգաբերման աշխատանքները եւ ապահովվել են արագացուցչի նախագծային պարամետրերը: Արդյունքները զեկուցվել են միջազգային հեղինակավոր գիտաժողովներում, եվրոպական մի շարք արագացուցչային կենտրոններում, Ա. Ի. Ալիխանյանի անվան գիտական լաբորատորիայում եւ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում:
«ԱՐԵԱԼ» նախագծի մշակման համար խթան է հանդիսացել Երեւանում 2010թ. հունիսին անցկացված արագացուցչային ֆիզիկայի ժամանակակից խնդիրներին նվիրված միջազգային գիտաժողովը, որի շրջանակներում Հայաստանում «ՔԵՆԴԼ» սինքրոտրոնային լույսի աղբյուրի ստեղծման ուղիների վերաբերյալ առաջարկությունների մշակման նպատակով կազմավորվել էր միջազգային փորձագիտական հանձնաժողով: ՀՀ վարչապետի մոտ քննարկումներից հետո, հանձնաժողովն առաջարկել էր «ՔԵՆԴԼ» արագացուցչի ստեղծման ծրագրի իրականացման փուլային տարբերակ, որը հաջողությամբ է պսակվել աշխարհի շատ այլ արագացուցչային կենտրոններում:
«ԱՐԵԱԼ» արագացուցիչը նախագծվել եւ կառուցվել է 2011-2013 թվականների ընթացքում` գերմանական «ԴԵՍԻ» (DESY) արագացուցչային կենտրոնի ու շվեյցարական Փոլ Շերերի ինստիտուտի հետ միջազգային սերտ համագործակցությամբ: Արտասահմանյան առաջատար մասնագետներից կազմված միջազգային խումբը փորձագիտական աջակցություն է ցուցաբերել այս ծրագրին:
2014թ. հոկտեմբերին ավարտվել են բժշկակենսաբանական եւ միկրոտեխնոլոգիաների գծով փորձարարական կայաններով «ԴԵԼՏԱ» լաբորատորիաների ստեղծման աշխատանքները: 2014թ. դեկտեմբերից Ա. Ի. Ալիխանյանի անվան գիտական լաբորատորիայի, Երեւանի պետական համալսարանի, ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի եւ «ՔԵՆԴԼ» ինստիտուտի գիտական խմբերը կսկսվեն «ԱՐԵԱԼ» համալիրում իրականացնել իրենց փորձարարական հետազոտությունները, որոնք ներառում են մոլեկուլային ֆիզիկայի, նյութագիտության, կենսաֆիզիկայի, կենսաբժշկության, միկրոէլեկտրոնիկայի եւ արագացուցչային նոր տեխնոլոգիաների ժամանակակից խնդիրներ:
2014թ. օգոստոս-սեպտեմբեր ամիսներին ինստիտուտը գերմանական «ԴԵՍԻ» արագացուցչային կենտրոնի համար էլեկտրաֆիզիկական սարքավորումների ստեղծման կարեւոր պատվեր է կատարել: Ծրագրվել է «ԱՐԵԱԼ» համալիրում արտասահմանյան գործընկերների հետ համատեղ կատարել նոր արագացուցչային տեխնոլոգիաների եւ ճառագայթման աղբյուրների գծով հետազոտությունների երկարաժամկետ ծրագրեր:





























