Երեւան-Գյումրի ճանապարհին նոյեմբերի 10-ին տեղի ունեցած ողբերգական վթարի հետեւանքով ձերբակալված բեռնատարի վարորդը 2 տարի աշխատել է «Իմեքս գրուպ» ընկերությունում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ընկերության հասարակայնության հետ կապերի պատասխանատու Կարեն Կարապետյանը:

Նա նշեց, որ Մանվել Վարդանյանը ամուսնացած է, ունի 3 երեխա, ավագը 24 տարեկան է, կրտսերը՝ 8: Ընկերության հասարակայնության հետ կապերի պատասխանատուն ասաց նաեւ, որ իրենց մոտ պարտադիր ստուգվում է վարորդների սթափ լինելը, Մանվել Վարդանյանը եղել է սթափ, մեքենան էլ որեւէ տեխնիկական խնդիր չի ունեցել: «Իմեքս գրուպ» ընկերությունը զբաղվում է հանրապետության տարբեր շրջաններ շինանյութ առաքելով:

Ընկերության ողջ անձնակազմն իր խորին ցավակցությունն է հայտնում Գյումրի-Երեւան երթուղայինի վթարի հետեւանքով զոհվածների հարազատներին, ընկերներին ու ընտանքի անդամներին: Կիսում ենք անդառնալի կորստի վիշտն ու հայտնում մեր զորակցությունը:

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը, նոյեմբերի 10-ի երեկոյան՝ ժամը 19։15-ի սահմաններում, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում. Երևան-Գյումրի ավտոճանապարհի` Հոռոմ գյուղի խաչմերուկում մարդատար «Գազել» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Կամազ» մակնիշի բեռնատարին, ինչի հետևանքով «Գազելը» պայթել է։ Նախնական տեղեկություններով՝ վթարի պահին «Գազելի» մեջ եղել է 14 ուղեւոր, որոնցից 7-ը տեղում մահացել են, իսկ 7-ը՝ տեղափոխվել բժշկական կենտրոն, բոլորի ինքնությունները պարզվել են։ Փաստի առթիվ Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի՝ 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով։ «Գազելին» բախված «Կամազ» մակնիշի բեռնատարի վարորդը՝ Մ.Վարդանյանը, ձերբակալված է: