2012թ. դեկտեմբերին 35-ամյա Դիանա Նահապետյանին դանակի 21 հարվածով սպանած ամուսինը՝ Վոլոդյա Մուրադյանը, կրկնակի դատաբուժական, դատահոգեբուժական համալիր ստացիոնար փորձաքննության կենթարկվի։ Այսօր՝ նոյեմբերի 11-ին, Արարատի եւ Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանը նման որոշում կայացրեց՝ բավարարելով ամբաստանյալի պաշտպանի՝ Անդրանիկ Մնացականյանի միջնորդությունը։

Պաշտպանը դատարանից պահանջել էր, կրկնակի դատաբուժական, դատահոգեբուժական փորձաքննության անցկացնել, որպեսզի ապացուցվի, որ մեղադրյալը  սպանության օրը գտնվել է աֆեկտի վիճակում։

Հաջորդ դատական նիստի օրը հայտնի չէ. այն կնշանակվի դատաբժշկական եւ դատահոգեբուժական փորձաքննության եզրակացությունը ստանալուց հետո։

Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության, Դիանայի ամուսինը` 51-ամյա Վոլոդյա Մուրադյանը, 2012թ. դեկտեմբերին առանձնակի դաժանությամբ սպանել էր իր կնոջը: Սկզբում ծաղկամանով հարված էր հասցրել վերջինիս գլխին, այնուհետեւ ոտքով հարվածել ծնոտին եւ մարմնի այլ մասերին, իսկ վերջում քարշ էր տվել խոհանոց եւ 21 դանակի հարված հասցրել: Վերոնշյալ տեսարանին ականատես էին եղել Դիանայի 14-ամյա եւ 17-ամյա դուստրերը, ովքեր դուրս են վազել բնակարանից եւ հարեւաններից օգնություն խնդրել: Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչը դատարանին միջնորդել էր Վոլոդյա Մուրադյանին պատժել 12 տարուց մինչեւ ցմահ ազատազրկման՝ Քրեական օրենսգրքի 104 հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ «առանձնակի դաժանությամբ կատարված սպանություն» կատարելու համար։