Հանրապետության նախագահն առաջարկել է վարչապետին մեկ անգամ եւս խորհրդարանական ուժերի հետ քննության առնել նրանց կողմից առաջ քաշած 12 կետերը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց վարչապետի մամուլի խոսնակ Գոհար Պողոսյանը:

Նա նշեց, որ այս անգամ հատ առ հատ ու ավելի խորքային քննարկում կծավալեն: Կառավարությունը պատրաստ է առաջ գնալ այդ ճանապարհով, այսինքն վերցնել առաջ քաշված թեման, քննարկել մինչեւ վերջ, հասնել եզրակացությունների, նախանշել կատարվելիք քայլերն ու անցնել հաջորդ հարցին: Գոհար Պողոսյանի փոխանցմամբ՝ Ազգային Ժողովում այս օրերին ընթացող բյուջետային քննարկումներից հետո շաբաթվա վերջին վարչապետը պատրաստվում է առաջարկել քաղաքական ուժերին համապատասխան ձեւաչափով սկսել քննարկումները առաջին հարցի շուրջ, գալ եզրակացությունների, հանրությանը ներկայացնել համատեղ աշխատանքի արդյունքները եւ շարժվել առաջ: Նա խոստացավ այս առնչությամբ լրատվամիջոցներին լրացուցիչ տեղեկատվություն տրամադրել պատշաճ եւ ժամանակին: