Արարատի եւ Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ նոյեմբերի 11-ին, ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանին («Յուվեցի Կարո») միջին ծանրության մարմնական վնասվածք պատճառելու մեջ մեղադրվող Արթուր  Զադոյանի գործով դատական նիստին դեպքին ականատես վկա Էդուարդ Թարվերդյանը հակասական ցուցմունք տվեց: Արթուր Զադոյանի փաստաբան Սուսաննա Սարգսյանը միջնորդեց, որպեսզի դատարանը հրապարակի վկայի նախաքննական եւ առերես հարցաքննության ցուցմունքները: Դատարանը միջնորդությունը բավարարեց:

Վկան դատարանում ասաց, որ Կարո Կարապետյանին հարվածելու ժամանակ է նկատել զենքը , իսկ դատարանում ասաց, որ մեքենայի մոտ կանգնած ժամանակ է զենք տեսել, նախաքննական ցուցմունքի ժամանակ նա նշել էր, որ դեպքի վայրից փախչելու ժամանակ կրակոց չի լսել, սակայն առերես հարցաքննության եւ  դատարանում, նշեց, որ լսել է երկու կրակոց: Երրորդ հակասությունը, վերաբերում էր նրան, որ վկան դատարանում ասաց, որ Կարո Կարապետյանը կրակել է Արթուր Զադոյանի վրա, երբ վերջինս  կռացել է, իսկ նախաքննության ժամանակ ցուցմունք էր տվել, որ տուժողի դեմքին խփելուց հետո է կրակել պատգամավորը:

Վկան դատարանում պատմեց 5 տարի առաջ կատարվածը՝ նշելով, որ ամբաստանյալ Արթուր Զադոյանը Կարո Կարապետյանին սպանելու սպառնալիքներ էր հնչեցրել, իսկ  պատգամավորը վարորդին անընդհատ ասում էր՝«կրակի, մեռա»:

«Մեքենան կանգնեց, մենք շուռ եկանք, տեսանք, որ մեքենան ճոճվում է, մենք պատկերացրեցինք, որ սեռական հարաբերության մեջ են մեքենայի մեջ, էդ տպավորություն էր: Հետո  երկուսով իջան, գրկախառնված, իրար բրթբրթելով, մի մոմենտ առանձնացան, ամբաստանյալը խփեց արյունոտին, արյունոտվածը  հետ գնաց, ու անընդհատ գոռում էր՝ ես մեռա, խփի, կոնդախը խփի գլխին, ես արյունաքամ եղա»,-պատմեց վկան:

Վկայի խոսքով՝ Արթուր Զադոյանը կռացավ, Կարո Կարապետյանի վարորդը օդ կրակեց, երկրորդ անգամ կռանալուց օդ կրակեց, երրորդ անգամ Կարո Կարապետյանը վարորդի ձեռքից խլեց զենքը եւ կրակեց Արթուր Զադոյանի ոտքի ուղղությամբ: Դրանից հետո վկան իր ընկերոջ հետ դեպքի վայրից հեռացել են՝ ճանապարհին եւս մեկ կրակոց լսելով:

Նշենք, որ վկայի ցուցմունքի ժամանակ տուժողի փաստաբան Կրոմվել Գրիգորյանը անընդհատ հուշում էր վկային, նրա փոխարեն տեղից պատասխանում:

Դատարանում այսօր վկայություն տվեց նաեւ Կարո Կարապետյանի ընկերը՝Սարգիս Ավագյանը, որն ասաց, որ Արթուր Զադոյանը գումար է պարտք եղել Կարո Կարապետյանին:

«Ֆինանսական հարցեր ունեին իրար հետ, Արթուրը Կարոյից փող էր վերցնում, հետո հետ էր տալիս: Մի անգամ հանդիպեցի Արթուրին, հարցրեցի, թե փողերը հետ տվեցիր, ասեց, Կարոն հլը չի խեղդում, հենց խեղդի կտամ: Ասեցի՝ իսկ եթե չունենաս, ասեց  Կարոն եթե ինձանից գումարը պահանջեց ես նրան կխփեմ: Կարոյի նման տղերք եմ Եվրոպայում խփել, թաղել»,-ասաց Սարգիս Ավագյանը:

Նա նաեւ նշեց, որ կեղծ փաստաթղթերով երկու մեքենա է գնել Արթուր Զադոյանից, եւ մեծ դժվարությամբ դրանք վաճառել,  եւ մինչեւ հիմա գումարային խնդիրներ ունի Արթուր Զադոյանի հետ:

Դատավորի հարցին, թե հնարավոր է, որ Արթուր Զադոյանը գումարը վերադարձրել է, սակայն Կարո Կարապետյանը չի հիշում, Սարգիս Ավագյանն ասաց. «Կարո Կարապետյանը մաքուր անձնավորություն է, ես ինքս երեսուն տարի փող եմ վերցնում եւ վերադարձնում եմ, եթե տալիս են, ասում է տվել ես: Կարո Կարապետյանի միսը կերել էի, բայց ոսկորը չէի շպրտի, նրա հետ մեծ ճանապարհ եմ անցել, երեսուն տարի»:

Սարգիս Ավագյանը նշեց, որ Արթուր Զադոյանի ասածները լուրջ չի ընդունել, քանի որ Արթուր Զադոյանը վախենում էր Կարո Կարապետյանից. «Հենց մտնում էր Կարո Կարապետյանի կաբինետ դողը տալիս էր վրան, դողում էր»:

Արթուր Զադոյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ նման խոսակցություն իր եւ Սարգիս Ավագյանի մեջ երբեւիցէ չի եղել, դա հորինված է. «Սաքոն իր ընկերոջը հաճոյանալու համար ամեն ինչ էլ կհորիներ»:

Դատական նիստը հետաձգվեց:

Հիշեցնենք, որ 2009թ. հոկտեմբերին, Երասխ-Երեւան ավտոճանապարհին, Մարմարաշեն գյուղի հատվածում, ԱԺ ԲՀԿ պատգամավոր Կարո Կարապետյանն իր ավտոմեքենայում վեճի էր բռնվել Դվին գյուղի բնակիչ, Արարատի մարզպետարանի աուդիտոր Արթուր Զադոյանի հետ, որի ընթացքում Արթուր Զադոյանը ավտոմեքենայի համարանիշ ամրացնելու բանալիով հարվածել էր Կարո Կարապետյանի գլխին, որն էլ իրեն ամրակցված «Բրաունինգ» տեսակի ատրճանակով 5 անգամ կրակել էր Արթուր Զադոյանի ուղղությամբ: Փամփուշտներից երկուսը դիպել էին Զադոյանի աջ ուսին եւ աջ ոտքին: Կարո  Կարապետյանը նաեւ ծեծի էր ենթարկել Արթուր Զադոյանին, ով ոտքերի հարված էր ստացել գլխին եւ  ուղեղի ցնցում ստացել:

Զադոյանը տեղափոխվել էր «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժին եւ 3 վիրահատության ենթարկվել: ՀՔԾ-ում գործը վերաբացվել է այս տարվա մարտին: Արթուր Զադոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ապօրինի կերպով ձեռք է բերել, պահել կրել հրազեն եւ ռազմամթերք եւ Կարո Կարապետյանի առողջությանը դիտավորությամբ պատճառել է միջին ծանրության վնաս եւ տվել սպանության սպառնալիքներ: Նշենք, որ ԲՀԿ-ական պատգամավորի եւ Զադոյանի միջեւ թշնամանքի պատճառը խոշոր գումարն է՝ 57,600 դոլար, որը պատգամավորի պնդմամբ՝ Զադոյանը պարտք է իրեն։ Զադոյանի պնդմամբ՝ պատգամավորն է պարտք իրեն։