Շիրակի մարզում նոյեմբերի 10-ին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետեւանքով մարմնական վնասվածքներ ստացած եւ «Գյումրի»ԲԿ տեղափոխված 7 ուղեւորներից երկուսը՝ Հավհաննիսյան Հասմիկը եւ Սիմոնյան Էդմոնը տեղափոխվում են Երեւան: Այս մասին NEWS.am-ին տեղեկացրեց բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը:

36-ամյա Հասմիկ Հովհաննիսյանի վիճակը բժիշկները գնահատում են միջին ծանրության: Մարմնի տարբեր մասերում կինն ունի երկրորդից երրորդ աստիճանի թերնիկ այրվածքներ:

Կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանի խոսքով՝ 13-ամյա Էդմոն Սիմոնյանին, այժմ տեղափոխում են Երեւանի թիվ 3 մանկական  հիվանդանոց: Նա ստացել է զույգ բազկոսկրի, ակնակապճի եւ ձախ հայմորյան խոռոչի լատերալ պատի կոտրվածքներ: Անչափահասի վիճակը գնահատվում է միջին ծանրության:

Հիվանդանոցի ընդունարանից էլ NEWS.am-ի թղթակցին հայտնել են, որ տեղափոխված 7 ուղեւորներից երկուսը՝ Հակոբյան Սամվելը (ծնվ. 1997 թ.) Շահնազարյան Ալբերտ (ծնվ.1992 թ.) դուրս են գրվել հիվանդանոցից:

Նշենք, որ նոյեմբերի 10-ին ուշ երեկոյան էլ Երեւան է տեղափոխվել 17-ամյա Հովհաննես Չախոյանը:

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը նոյեմբերի 10-ի երեկոյան՝ ժամը 19։15-ի սահմաններում, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում. Երևան-Գյումրի ավտոճանապարհի` Հոռոմ գյուղի խաչմերուկում մարդատար «Գազել» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Կամազ» մակնիշի բեռնատարին, ինչի հետևանքով «Գազելը» պայթել է։ Նախնական տեղեկություններով՝ վթարի պահին «Գազելի» մեջ եղել է 14 ուղեւոր, որոնցից 7-ը տեղում մահացել են, իսկ 7-ը՝ տեղափոխվել բժշկական կենտրոն։ Փաստի առթիվ Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի՝ 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով։ «Գազելին» բախված «Կամազ» մակնիշի բեռնատարի վարորդը՝ Մ.Վարդանյանը, ձերբակալված է: