Չինաստանի կառավարությունը տեսանյութերով հարուստ կայքերին կարգադրել է հեռուստանովելներից կտրել հանել պատահական եւ արտամուսնական կապերի բոլոր տեսարանները, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը՝ վկայակոչելով Global Times թերթը։
Չինաստանում շատերն են համացանցով արտասահմանյան, հիմնականում՝ ամերիկյան եւ հարավկորեական հեռուստաշոուներ դիտում։ Սակայն այժմ, չինական լրատվամիջոցների կարգավորողի ցուցումով կայքերը պարտավորվել են հեռացնել ամուսնական հավատարմության խախտման կամ ֆիզիկական մերձեցման չափազանց բաց տեսարանները։
Բացի դրանից, վերացվելու են սպանությունների, ինքնասպանությունների, մարդկանց առեւանգման, թմրանյութերի օգտագործման, ազարտային խաղերի եւ «պարանորմալ երեւույթների» տեսարանները, ասվում է Մամուլի, տպագրության, ռադիոյի, կինոյի եւ հեռուստատեսության պետական կարգավորողի հայտարարությունում:
Չինական սոցցանցերում արդեն բողոքներ են հնչում, թե արգելված տեսարանների ցուցակն այնքան ընդարձակ է, որ նայելու բան չի մնա:
Շատերն անհանգստանում են, որ իրենք այլեւս չեն կարողանա նայել իրենց սիրելի հարավկորեական սերիալները, որոնք բավական տարածված են Չինաստանում:




























