Հուլիսի 2-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հրավիրել էր աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցել են ԵԽԽՎ-ում, ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում եւ Արեւելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողովում` «Եվրանեսթում» ՀՀ Ազգային ժողովի պատվիրակությունները:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունից, խորհրդակցության ժամանակ ԱԺ նախագահը նշեց, որ նման ձեւաչափով հանդիպման նպատակն է  քննարկել եվրոպական խորհրդարանական կառույցներում ԱԺ պատվիրակությունների աշխատանքը, նպաստել համակարգված    քաղաքականության մշակմանը Հայաստանի համար կարեւորագույն հարցերում, լսել առաջարկներ, տեսակետներ աշխատանքները առավել արդյունավետ եւ գործնական դարձնելու նպատակով:

Պատվիրակությունների ղեկավարներ Դավիթ Հարությունյանը, Արամ Սա‎ֆարյանը եւ Վահան Հովհաննիսյանը խոսել են կատարված աշխատանքի մասին, տեսակետներ հայտնել   եւ առաջարկներ ներկայացրել պատվիրակությունների  գործունեությունը ավելի արդյունավետ կազմակերպելու վերաբերյալ:

Ամփոփելով  խորհրդակցությունը` ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը համոզմունք է հայտնել, որ նման ակտիվ  եւ շահագրգիռ քննարկումները անպայման դրական արդյունք կունենան եւ հավաստել, որ  բոլոր կարեւոր  առաջարկությունները կներկայացվեն ՀՀ նախագահին:

Հովիկ Աբրահամյանն առաջարկել է յուրաքանչյուր խորհրդարանական վեհաժողով մեկնելուց  մեկ շաբաթ առաջ  իր ղեկավարությամբ կազմակերպել  քննարկում պատվիրակությունների անդամների եւ ԱԳՆ ներկայացուցչի մասնակցությամբ: