ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնն այսօր` հուլիսի 4-ի երեկոյան ժամանեց Երեւան: Ժամանելուն պես նա հանդիպում կունենա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ու ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:

Վաղը` հուլիսի 5-ին ԱՄՆ պետքարտուղարը հանդիպելու է հասարակական կազմակերպությունների եւ ընդդիմության ներկայացուցիչների հետ: Հիշեցնենք, որ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ՀԱԿ-ի մամուլի քարտուղար Արման Մուսինյանը հարցին, թե արդյո՞ք Հիլարի Քլինթոնը հանդիպելու է ընդդիմության առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ, պատասխանել էր, որ այդ մասին իրենց ոչինչ հայտնի չէ:

Քլինթոնը Երեւան է ժամանում Բաքվից, որտեղ հանդիպել է այդ երկրի նախագահի, ԱԳ նախարարի, ինչպես նաեւ  Ադրբեջանի երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, Քլինթոնը Բաքվում հանդիպել է նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ, որոնք եւս գտնվում են Բաքվում: