Հայաստանում ամերիկյան դոլարի փոխարժեքը սկսել է աճման միտում դրսեւորել: Ինչպես հայտնի է, դա խնդիր է, սակայն ավելի ծանր տեսքով նկատվում է մեր հյուսիսային հարեւան Ռուսաստանում:
Մինչեւ նոյեմբերի վերջին տասնօրյակ Հայաստանում դոլարի փոխարժեքը բնորոշվում էր աճման թույլ արտահայտված միտումով: Սակայն այդ կրիայի տեմպը, որն անսպասելի էր բոլորի համար, կտրուկ աճ արձանագրեց նոյեմբերի 24-ին: Ներքեւում ներկայացված գրաֆիկից հետաքրքիր մանրուք է նկատվում. կտրուկ աճը գրեթե համընկավ ռուսական ռուբլու որոշակի ամրապնդման ժամանակահատվածում: Ավելի պարզ ասած՝ այդ օրերին Ռուսաստանում դոլարն էժանացավ, իսկ ահա մեզ մոտ՝ թանկացավ: Տպավորություն է, որ դոլարի փոխարժեքը (միաժամանակ՝ նաեւ ռուբլունը) կտրուկ բարձրացնելու նպատակ կար, ինչին հետեւեց թեթեւ անկումը:
Ռուսաստանի պարագայում դոլարի փոխարժեքի նման իրավիճակն ավարտվում է: Մեզ մոտ արտաքին առեւտրաշրջանառության ոլորտում բացասական սալդո է, իսկ Ռուսաստանում՝ հսկայական ավելցուկ:
Չնայած տարեկան կտրվածքով մասնավոր դրամական փոխանցումների (ոչ կոմերցիոն նշանակության) ընդհանուր հոսքը Հայաստանում հունվար-սեպտեմբերին ավելացել է շուրջ 4.8 մլն դոլարով, ատահոսքն աճել է գրեթե 21.4 մլն դոլարով:
Արդյունքում նշված ժամանակահատվածում մաքուր հոսքը տարվա ընթացքում կրճատվել է գրեթե 16.6 մլն դոլարով: Միաժամանակ, հունվար-հոկտեմբերի տվյալներով, արտաքին առեւտրի մասով բացասական սալդոն ավելացել է 52 մլն դոլարով: Այդպիսով, այդ երկու ուղղություններով արտարժույթի հոսքը կրճատվել է:
Իսկ Ռուսաստանում արտաքին առեւտրի հավասարակշռությունը դրական է: Ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբերին արտահանումը ներմուծմանը գերազանցել է 164.7 մլրդ դոլարով, եւ տարեկան կտրվածքով աճել է 5.5%-ով: Ընդ որում, արտահանումը կրճատվել է 5.8%-ով: Վերջին հանգամանքին բավական նպաստել է Ռուսաստանի կողմից իր դեմ տնտեսական պատժամիջոցներ սահմանած երկրներից սննդամթերքի ներմուծման էմբարգոն:
Միաժամանակ, հետեւողականորեն աճում է արտաքին գործոնների հետ կապված բացասական գործոնների ազդեցությունը. արեւմտյան մի շարք երկրների կողմից տնտեսական պատժամիջոցներ, երկրից կապիտալի զանգվածային արտահոսքը, նավթի համաշխարհային գների անկումը: Նավթի արդյունահանման՝ օրական 30 մլն բարելի մակարդակը պահպանելու մասին ՕՊԵԿ-ի անդամ երկրների վերջին որոշումն անմիջապես հանգեցրեց հումքի միջազգային գների հերթական անկմանը, ինչպես նաեւ ռուբլու փոխարժեքի ռեկորդային նվազմանը:
Նշենք, որ դեպի հեռավոր արտերկիր Ռուսաստանի արտահանման ապրանքային համակարգում վառելիքա-էներգետիկ ապրանքների տեսակարար կշիռը հունվար-սեպտեմբերին կազմել է գրեթե 75%: Իսկ այդ երկրներն ապահովում են Ռուսաստանի արտահանման ընդհանուր ծավալների 87%-ը: Առանց չափազանցնելու կարելի է ասել, որ Ռուսաստանի տնտեսությունը խիստ կախվածության մեջ է նավթի արտահանումից: Անցյալ տարի, չնայած 4% անկմանը, Ռուսաստանի եկամուտներն այդ հոդվածով կազմել են 173.7 մլրդ դոլար:
Վարկած կա այն մասին, որ նավթի համաշխարհային գների անկման քաղաքականությունը ժամանակին դարձել է ԽՍՀՄ փլուզման հիմնական պատճառներից մեկը: Այսպես, միայն 1986 թվականին նավթի գների անկման հետեւանքով Խորհրդային երկրների կորուստները կազմել են 13 մլրդ դոլար՝ զգալի գումար այդ ժամանակաշրջանի համար: Արեւմտյան մի շարք փորձագետների կարծիքով, այդ գործոնը խանգարեց Գորբաչովի «վերակառուցման» ֆինանսական ապահովումը եւ հանգեցրեց դրա լիարժեք խափանմանը:
Վերադառնալով ներկա ժամանակներին՝ նշենք, որ Ռուսաստանի արտաքին առեւտրաշրջանառության ընդհանուր ծավալում Մաքսային միության երկրների մասնաբաժինը բավական փոքր է եղել՝ 6.7%: Հասկանալի է, որ Եվրասիական տնտեսական միության գործունեության միջոցով Ռուսաստանի խնդիրների հաղթահարումն անիրատեսական է:





























