Այն փաստը, որ Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի նախագահ Մեւլյութ Չավուշօղլուն խոստովանում է իր անտեղյակությունը ադրբեջանական ռազմատենչ հայտարարություններից եւ Բաքվի կողմից հունիսի 18-ի լույս 19-ի գիշերը կազմակերպված սադրանքից, երբ 4 հայ զինվորներ են զոհվել, պարզապես տարակուսանք է հարուցում, հայտարարել է Հայաստանի խորհրդարանի նախագահ Հովիկ Աբրահամյանը:
«Առնվազն տարակուսանք է հարուցում, որ ԵԽԽՎ նախագահը տեղյակ չէ ղարաբաղյան հիմնախնդրին առնչվող կարեւոր զարգացումներին, որոնց մասին շուրջ երկու շաբաթ բարձրաձայնում է միջազգային հանրությունը, հայտարարություններ են անում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունները, միջազգային կառույցները:
Եթե իրոք այդպես է, ապա դա կրկին ապացուցում է հայկական կողմի այն պնդումը, որ ԵԽԽՎ-ի որեւէ մարմին բավարար իրավասություն չունի զբաղվելու Լեռնային Ղարաբաղի խնդրով, եւ դա կարող է միայն վտանգել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված գործընթացը»,- նկատել է Հովիկ Աբրահամյանը:




























