Գերմանիայի Վերաքննիչ դատարանը պետք է վերջնական որոշում կայացնի Թուրքիայի կողմից գրավված Կիպրոսի տարածքից գողացված 85 գանձերի, այդ թվում՝ եկեղեցական նկարների, սրբապատկերների, հայկական ձեռագիր Ավետարանի եւ 40 նախապատմական հնությունների ճակատագրի վերաբերյալ: Այս մասին գրում է «Cyprus Mail»-ը:

Սպասվում է, որ Մյունխենի Վերաքննիչ դատարանը որոշում կկայացնի հնությունների անօրինական վաճառքով զբաղվող թուրք դիլլեր Այդին Դիքմենի բնակարանում հայտնաբերված իրերի վերաբերյալ, եթե մինչեւ 2015 թվականի փետրվարի 13-ը խաղաղ համաձայնություն ձեռք չբերվի: Եթե դա տեղի չունենա, դատարանը վերջնական որոշում կկայացնի մինչեւ 2015թ. մարտի 16-ը:

Ընդհանուր առմամբ, Այդին Դիքմենի Մյունխենի բնակարանում 179 արժեքավոր իր է հայտնաբերվել, որոնք հոկտեմբերին վերադարձվել են Կիպրոս: Կիպրոսի եկեղեցին եւ Կիպրոսի հանրապետության փաստաբանական գրասենյակը փորձելու են մյուս կողմի հետ խաղաղ համաձայնության հասնել՝ պայմանով, որ «խնդրի կարգավորումը խելամիտ լինի եւ հնարավորություն տա վերադարձնել կիպրական բոլոր գանձերը»: