ԵՄ-ին անդամակցելը ռազմավարական հարց է Անկարայի համար, այցով Թուրքիայում գտնվող  Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցիի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն։

«Ինչքան էլ որ պայմանները փոխվեն, Թուրքիայի համար ԵՄ-ին անդամակցելը ռազմավարական հարց է: Մենք Եվրոպայի անբաժանելի մասն ենք, եւ այս նպատակն օրակարգում է», — հայտարարել է Դավութօղլուն, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

Նա հավելել է, որ տնտեսական ճգնաժամը սկսվելուց հետո Թուրքիան 6 մլն աշխատատեղ է ստեղծել, իսկ ԵՄ-ն կորցրել է մոտավորապես նույնքան աշխատատեղ: Ըստ Դավութօղլուի՝ եթե Թուրքիան անդամակցի ԵՄ-ին, ապա Եվրոպայի աշխատաշուկան ավելի հավասարակշռված կլինի:  
Ըստ նրա՝ Թուրքիայի տնտեսությունը եվրոպականի մասն է կազմում, «մենք նույն մակույկում ենք»: «ԵՄ-ն Թուրքիայի հետ ավելի ուժեղ կդառնա, մեր անդամակցությունը շահավետ է բոլորի համար», - ընդգծել է Դավութօղլուն:

Մատեո Ռենցին հայտարարել է, որ Իտալիան Թուրքիային կաջակցի ԵՄ-ին անդամակցելու հարցում՝ խոստանալով այդ հարցը բարձրացնել 2015 թ. հունվարին ԵՄ-ի նախագահությունը Իտալիայից Լիտվային փոխանցելիս՝  իր ճառի ժամանակ: