ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավար Ջոն Բրենանը հայտարարել է, որ տեղեկատվությունը, որն ստացվել է ԿՀՎ-ի կողմից մարդկանց խոշտանգումների ենթարկելու արդյունքում, օգնել է ոչնչացնել «Ալ Կաիդայի» առաջնորդ բեն Լադենին, հաղորդում է NBC News-ը: Ավելի վաղ Բրենանը հայտարարել էր, որ գործակալության աշխատակիցները պտրաստ չեն եղել հարցաքննության նոր մեթոդների կիրառմանը:
Նրա խոսքով՝ ԿՀՎ որոշ աշխատակիցներ հարցաքննությունների ժամանակ կտտանքների են դիմել, այդուհանդերձ, գործակալությունը «շատ բաներ ճիշտ է արել» երկրի անվտանգության համար, հաղորդում է Gazeta.ru-ն:
ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, բրիտանական հատուկ ծառայությունների ղեկավարները խնդրել են ԱՄՆ իշխանություններից զեկույցներից հանել ԿՀՎ-ի կողմից ահաբեկչության մեջ կասկածվողների նկատմամբ խոշտանգումների մասին տվյալները, քանի որ դրանց մի մասի հրապարակումը կարող է վնասել Մեծ Բրիտանիայի ազգային անվտանգությանը:
ԱՄՆ Կոնգրեսի սենատի հետախուզության հարցերով հանձնաժողովը դեկտեմբերի 9-ին հրապարակել է զեկույցի ոչ գաղտնի տարբերակը՝ ամերիկյան հատուկ ծառայությունների կողմից ահաբեկչության մեջ կասկածվողների նկատմամն խոշտանգումների մասին, որոնք պահվում են արտերկրում գտնվող ԿՀՎ գաղտնի բանտերում 2001-ի սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից հետո:
Փաստաթղթի համաձայն, նրանց զրկել են քնից, ստորացրել են, սառը ջուր են լցրել նրանց վրա՝ խեղդվելու իլյուզիա ստեղծելով: Բացի այդ, սեռական բռնության սպառնալիքներ են հնչել:




























