ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչությունը դեկտեմբերի 11-ին փաստաթուղթ է գաղտնազերծել, համաձայն որի՝ գերատեսչությունում սկզբնապես չէին հավատացել 2001թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունների հետ Իրաքի ունեցած կապին, ուր ամերիկյան բանակը ներխուժել էր 2003թ.:

Փաստաթուղթը նամակի տեսքով է, որ գրվել է սենատոր Կարլ Լեւինի հարցմամբ ու գաղտնազերծվել է միայն այս շաբաթ: Նամակը վերաբերում է այն ենթադրությանը, որ 2001թ. ահաբեկչությունների կազմակերպիչ Մուհամեդ Աթան Պրահայում հանդիպել է  Իրաքի հետախուզության ներկայացուցիչների հետ:

Այս պնդումը քանիցս կրկնել է ԱՄՆ-ի փոխնախագահ Դիք Չեյնին:  ԿՀՎ-ն դեռեւս 2003-ին «լուրջ կասկածներ էր հայտնել» Աթայի եւ իրաքյան հետախուզության հանդիպման մասին, ասված է  ԿՀՎ տնօրեն Ջոն Բրենանի՝ սենատոր Լեւինին ուղղված նամակում: Բացի այդ, ԿՀՎ-ի մոտ առկա փաստաթղթերից երեւում է, որ Աթան չի գնացել Պրահա:

«Բազմիցս փոխնախագահ  Դիք Չեյնին մեջբերել է այդ հանդիպման մասին հաղորդագրությունը, նույնիսկ մեկ անգամ հայտնել է, որ հանդիպման փաստը հաջողվել է ապացուցել», - հայտարարել է Լեւինը: «Այդ հանդիպումը անկյունաքարն էր հանրային այն կարծիքի ձեւավորման համար, թե իբր Սադամը «Ալ Քաիդայի» ահաբեկիչների համախոհն էր, որոնք մեզ վրա հարձակվել էին սեպտեմբերի 11-ին», — հայտարարել է Լեւինը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

ԱՄՆ-ի այն ժամանակվա նախագահ Ջորջ Բուշ կրտսերը 2003թ. մարտի 6-ին՝ Իրաք ներխուժելուց երկու շաբաթ առաջ, հեռուստաուղերձով էր հանդես եկել, որում բացատրել էր Սադամ Հուսեյնի ռեժիմի դեմ պատերազմ սկսելու պատճառները: Հանրային կարծիքի հարցումները ցույց էին տվել, որ ամերիկացիների 70%-ը հավատում են Սադամ Հուսեյնի մասնակցությանը սեպտեմբերի 11-ի ահաբեկչություններին: