Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը, որը նախօրեին ենթարկվել է հարձակման, հոսպիտալացվել է: Այս մասին NEWS.am-ին ասաց պատգամավորի որդին՝ Արեն Մանուկյանը:

«Հայրիկիս մոտ ախտորոշվել է ուղեղի ցնցում, սալջարդ, դեռ բուժզննման փուլում է»,- ասաց Արեն Մանուկյանը:

Նրա խոսքով՝ հայտնի չէ, թե ընդդիմադիր պատգամավորն ինչքան կմնա հիվանդանոցում:

Նշենք, որ գործը ոստիկանությունից ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե:

Հիշեցնենք, որ Արամ Մանուկյանը հարձակման է ենթարկվել դեկտեմբերի 11-ին երեկոյան ժամը 20:00-ի սահմաններում: Իրենց շենքի մուտքում պատգամավորին դիմավորել է անհայտ անձը եւ հարվածել: Դեպքից ժամեր անց ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը կատարվածը որակել է որպես «ահաբեկչական գործողություն, որն իրականացրել են իշխանության ներկայացուցիչները»: