Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի հրավերով ՌԴ մայրաքաղաքում պաշտոնական այցով գտնվող Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է «Քաղաքային զարգացման շարժիչ ուժերը» խորագիրը կրող մոսկովյան քաղաքաշինական չորրորդ միջազգային համաժողովի հանդիսավոր բացմանը: Համաժողովին մասնակցել են աշխարհի քսան երկրների շուրջ չորս հազար ներկայացուցիչներ, այդ թվում՝ մի շարք քաղաքների քաղաքապետեր, համաշխարհային ճանաչում ունեցող միջազգային փորձագետներ եւ գործարար շրջանակների ներկայացուցիչներ: Համաժողովի շրջանակում քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի հետ: Շնորհակալություն հայտնելով հրավերի համար եւ առանձնակի կարեւորելով համաժողովի անցկացումը` Երեւանի քաղաքապետը նկատել է, որ քաղաքային տնտեսության տարբեր ոլորտների ներկայիս մարտահրավերներին արդյունավետ լուծումներ գտնելու տեսանկյունից նման համաժողովներն իրապես կարեւոր են:

Տարոն Մարգարյանը մի շարք այլ հանդիպումներ եւ քննարկումներ է ունեցել նաեւ Համաժողովին մասնակից իր մյուս գործընկերների հետ: Նշենք, որ 2011 թվականից անցկացվող մոսկովյան համաժողովը քաղաքաշինության, ճարտարապետության, տնտեսության, ռազմավարական պլանավորման հարցերի շուրջ քննարկումների եւ փորձի փոխանակման հարթակ է, որի շրջանակում հարցերը քննարկվում եւ դիտարկվում են ոչ միայն քաղաքային տնտեսության արդյունավետ կառավարման, այլեւ քաղաքացու եւ նրա կյանքի որակի բարելավման տեսանկյունից: Համաժողովի շրջանակում քննարկվող առանցքային հարցերից էր նաեւ քաղաքներում հաղորդուղային տեխնոլոգիաների զարգացումը:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է նաեւ Համաժողովի շրջանակում բացված «Իշխանություն եւ քաղաքացիներ. համագործակցության տեխնոլոգիաները» խորագրով ցուցահանդես, ծանոթացել տաղավարներում ներկայացված քաղաքաշինական տարբեր լուծումներին: