Թուրքիայում իմամն անցել է «Իսմալական պետություն» ահաբեկչական կազմակերպության շարքերը: Այս մասին Taraf թերթին տված հարցազրույցում տեղեկացրել է երկրի փոխվարչապետ Բյուլենթ Առինչը: Նրա խոսքով, ԻՊ-ին է միացել Թուրքիայի հյուսիս-արեւմտյան Չանաքալե նահանգի մզկիթներից մեկի հոգեւորականը:

«Ցավոք, Չանաքալե նահանգի Բայրամիչ շրջանից իմամը միացել է ԻՊ-ին: Նա ազատվել է պաշտոնից: Ես այլ շրջաններում նման դեպքերի մասին տեղեկություններ չունեմ, սակայն մեզ խորապես վիրավորում է փաստը, որ իմամը լքում է երկիրը՝ մարդասպանների բանակին միանալու համար»,- Առինչի խոսքերն է մեջբերում ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

ԻՊ-ն Սիրիայի եւ Իրաքի գրավյալ տարածքներում ամռանը «խալիֆայություն» հռչակեց: Զինյալների գործողությունների արդյունքում մի քանի հազար խաղաղ բնակիչ է սպանվել, հարյուր հազարավորները փախստական են դարձել, եւս մի քանի հազար մարդ գերեվարվել է: