Հետաձգվող վճարմամբ ակրեդիտիվը դե-ֆակտո 2-3 տարով տրամադրվող անտոկոս վարկ է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց HSBC Armenia բանկի առեւտրավարկային բաժնի տնօրեն Արամ Փինաչյանը:
Հայաստանում առայժմ առեւտրի ֆինանսավորման գործիքներն այնքան էլ տարածված չեն, եւ 90%-ը հիմնված է կանխավճարի վրա: «Մենք ցանկանում ենք մեր հաճախորդներին ծանոթացնել հետաձգված վճարային ակրեդիտիվների առավելություններին»,- պարզաբանեց Փինաչյանը:
Նա նշեց, որ Հայաստանում առեւտրի ֆինանսավորման ծառայությունների պորտֆելի 37%-ն արդեն HSBC բանկին է բաժին հասնում: «Մեր համեմատական առավելությունը նրանում է, որ HSBC խմբի լայն ցանցի շնորհիվ մենք կարող ենք Եվրոպայից էժան գումարներ ներգրավել: Մեր ակրեդիտիվների արդյունավետ տոկոսային դրույքաչափը չի գերազանցում 7%-ը: Իսկ մեր ձեռներեցների մեծ մասը դժվարությունների թվում նշում է հենց ծախսերում վարկերի մեծ մասնաբաժինը: Մենք նրանց հնարավորություն ենք ընձեռում զգալիորեն կրճատել այդ ծախսերը»,- նշեց Արամ Փինաչյանը:
Հայկական շուկայում առայժմ տարածված են միայն ցպահանջ վճարմամբ ակրեդիտիվները (Sight LC), բայց այս դեպքում ապրանք ստացողը հետաձգման հնարավորություն չի ստանում: Իսկ հետաձգված ակրեդիտիվը նման հնարավորություն ընձեռում է: «Ավելին, եթե ժամկետի սպառումից հետո (մինչեւ 30 ամիս) հաճախորդը չի կարողանում անմիջապես վճարել գումարը, այն ավտոմատ կերպով վերաձեւակերպվում է որպես մի քանի տարվա վարկ»,- նշեց Փինաչյանը:




























