HSBC Armenia խումբը, բացի առեւտրային գործարքների ֆինանսավորումից (ֆակտորինգ եւ ակրեդիտիվ), օգնում է բանակցություններ վարել արտասահմանյան գործընկերների հետ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց HSBC Armenia բանկի առեւտրավարկային բաժնի տնօրեն Արամ Փինաչյանը:

Ըստ նրա, նման աջակցությունը կարող է բավական արդիական լինել, օրինակ, Չինաստանի հետ առեւտրում: «Մեր մասնագետները Չինաստանում կօգնեն կապեր հաստատել ապրանքների մատակարարի կամ գնորդի հետ: Դա կօգնի ճանաչել նրան, ինչը, համաձայնեք, պակաս կարեւոր չէ»,- հավելեց նա:

HSBC-ի ակրեդիտիվի տրամադրած եւս մեկ առավելություն է՝ ապրանքի ամբողջ խմբաքանակի վճարման, այդ թվում՝ կանխավճարի, հնարավորությունը: «Իսկ հայտնի է, որ եթե վճարում եք ապրանքի միանգամից 100% արժեքը, կարող եք մատակարարի կողմից որոշակի բոնուսի հավակնել: Մեր ակրեդիտիվները նման հնարավորություն ընձեռում են»,- հավելեց Փինաչյանը: