ԱՄՆ Կոնգրեսի Սենատը հավանություն է տվել երկրի՝ դեռեւս հոկտեմբերի 1-ից սկսած 2015թ. ֆինանսական տարվա պաշտպանական բյուջեին: Տարեկան ծախսերի գումարը կազմել է  577 մլրդ դոլար:

Պաշտպանական բյուջեի հաստատումը թույլ կտա ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային ավելացնել  Իրաքում եւ Սիրիայում «Իսլամական պետություն» խմբավորման դեմ ռազմական գործողությունների ֆինանսավորումը: Արտասահմանում, այդ թվում նաեւ՝ Աֆղանստանում, ռազմական գործողությունների համար հատկացվել է 64 մլրդ դոլար:

Բյուջեով նախատեսված է միջոցների հատկացում Սիրիայի խաղաղ ընդդիմադիր ջոկատների եւ Իրաքի բանակի զինծառայողների երկամյա ուսուցման ծրագրի համար, հայտնում է rbc-ն՝ վկայակոչելով Reuters-ը:

Էներգետիկայի նախարարությունը միջուկային զենքի հետ աշխատելու համար կստանա 17,9 մլրդ դոլար:
Սենատում հաստատվելուց հետո պաշտպանական բյուջեն պետք է ստորագրի Օբաման: