ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման վարչությունը Ուկրաինայում զինադադարի ռեժիմի հաջող պահպանում է արձանագրել։

Կողմերի հայտարարած «Լռության օրը» սկսվել էր դեկտեմբերի  9 –ի առավոտյան ժ. 10-ին եւ շարունակվել ողջ օրը։ Այդ ընթացքում խաղաղ բնակչության շրջանում զոհեր չեն եղել, ինչն արժանի է «հաջողված» գնահատականի, ասված է ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման վարչության զեկույցում, հայտնում է «Կորեսպոնդենտը»։

Զեկույցում նաեւ նշվում է, որ վարչության թիմն Ուկրաինայի արեւելքում իրավիճակի արձագանքման ռազմավարական ծրագիր կներկայացնի դեկտեմբերի 17-ին Կիեւում։

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն դեկտեմբերի 9-ին հայտարարել էր հակաահաբեկչական գործողության գոտում «Լռության օր» սկսելու մասին։ ԴԺՀ-ում հայտնել էին, որ պատրաստ են պահպանել զինադադարը ուկրաինական կողմի հավասարազոր գործողությունների դեպքում։