Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի նախկին սեփականատերը 2 հայց է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում գործով փաստաբան Արմինե Հակոբյանը նշեց, որ ինքը գաղտնիության համաձայնագիր է կնքել եւ չի կարող հայտնել, թե Եվրոպական դատարանում ինչ է վիճարկվում:

«Մենք նաեւ Հայաստանի դատարաններում գործեր ունենք, մասնավորապես երկու հայց ներկայացրել ենք Վարչական դատարան, եւս երկուսը՝ առաջին ատյանի դատարան: Այդ հայցերը վերաբերվում են կառավարության որոշումը չեղյալ համարելուն, համալիրն անօրինական ճանապարհով աճուրդի հանելուն, ինչպես նաեւ մի հայցով պահանջում ենք շարժական գույքը՝ որպես սեփականատեր, մեզ վերադարձնել, եւ գույքը ՊՆ-ին հանձնելու պայմանագիրն ենք վիճարկում: Գործերի քննությունը դեռ ընթացքի մեջ է»,- ասաց Արմինե Հակոբյանը:

Փաստաբանի խոսքով՝ մարզահամերգային համալիրը շահագործվում է, ապացույցը նոյեմբերին տեղի ունեցած հրդեհն է, ինչպես նաեւ սահադաշտում հեքիաթ բեմադրելու մասին գովազդը:

Հիշեցնենք, որ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը 7-րդ անգամ աճուրդի հանվելուց և գնորդ չգտնելուց հետո օգոստոսի 21-ի Կառավարության որոշմամբ հանձնվեց Պաշտպանության նախարարությանը: