Շատ քաղաքացիներ հարց են տալիս՝ որքան կծախսվի ամանորյա սեղանի համար։ Իհարկե,ամեն ինչ կախված է ընտանեկան բյուջեից։
Մենք հարցին կմոտենանք հակառակ կողմից. ինչպե՞ս դիմավորի տոնը նվազագույն, այն է՝ 50 հազ. դրամ աշխատավարձ ստացող քաղաքացին։
Նշենք, ի տարբերություն խորհրդային անցյալի, ներկայումս աղետալի չափերով աճել են մի շարք կարեւոր ծառայությունների սակագները։ Օրինակ՝ տրանսպորտի ուղեվարձը։ Իհարկե, համեստ ընտանեկան բյուջեի դեպքում կարելի է ոտքով էլ գնալ աշխատանքի։
Ոչ վաղ անցյալում նվազագույն աշխատավարձով (70 խորհրդային ռուբլով) կարելի էր ավտոբուսով երթեւեկել 1,4 հազար անգամ։ Ներկայումս դրա համար կպահանջվի 140 հազար դրամ։ Հենց այդքան գումար է մնում 185 հազար դրամ աշխատավարձի դեպքում՝պահումները հանելուց հետո։
Այսպիսով, տրանսպորտի նվազագույն ծախսը կազմում է ամսական մոտ 5 հազար դրամ կամ նվազագույն աշխատավարձի 10%-ը։ Էներգկիրների համար էլ կընդունենք զուտ խորհրդանշական ծախսեր։ Ամսական չնչին՝ 50 կՎտ հոսանք ծախսելու դեպքում ստիպված ես վճարել 2,1 հազար դրամ, 50 խմ բնական գազի դիմաց՝ 7,8 հազար դրամ։ Քաղաքային հեռախոսի ամսավճարը 1,1 հազար դրամ է։
Վերոնշյալ ծախսերը կլորացնենք՝ համարելով 20 հազար դրամ։ Մնում է 30 հազար դրամ, որով պետք է մեկ ամիս ապրել եւ պատրաստվել տոնին։
Մեկ ամսվա ընթացքում սնվելու համար պահանջվում է 15 կգ հաց եւ 2 կգ «Չանախ» պանիր։ «Լիարժեք» սնվելու համար հավելենք 2 կգ հավի բուդ։ Իհարկե, նման սնունդը ծիծաղաշարժ է, բայց եթե խոր մտածենք, այն գրեթե կրկնում է սպառողական նվազագույն զամբյուղը։
Տոնական սեղանի համար ստիպված ենք լինում «շռայլել» եւ մեկ կիլոգրամ տավարի միս, կես կգ կիսաապխտած երշիկ եւ 100 գրամ բաստուրմա գնել։ Նաեւ՝ իշխան ձուկ,
ավանդական «շպրոտ» եւ ձու։ Բանջարեղենի, ձեթի, թթվասերի եւ մայոնեզի դեպքում կարելի է խնայել, այնպես որ վինեգրետ եւ մայրաքաղաքային աղցան չի լինի։
Մրգերից կարելի է գնել տեղական խնձոր եւ ներկրված մանդարին՝ մեկական կիլոգրամ։
Ալկոհոլային խմիչքներից մեկ շիշ կլինի՝ տեղական ամենաէժան օղու մեկ շիշ։
Այս ամենը, նոյեմբերի գներով, կարժենա 27 հազար դրամ։ Իսկ մնացած 3 հազար դրամով կարելի է գնել 50գ կարմիր խավիար՝ հյուրերին «զարմացնելու» համար։
P.S. Այդ ամենը պետք է գնել նոյեմբերի սկզբին, դրանից հետո գներն աճում են 10-20%-ով։



























