Չինաստանն ու Ճապոնիան պետք է հրաժարվեն թշնամանքից եւ բարեկամական հարաբերություններ կառուցեն, հայտարարել է ՉԺՀ նախագահ Սի Ցզինպինը Նանկինյան ջարդի զոհերի հիշատակին կազմակերպված արարողության ընթացքում։
Չինաստանի առաջնորդը նաեւ կոչ է արել նայել ապագային՝ համատեղ ավանդ ներդնելով մարդկության խաղաղ զարգացման գործում եւ պատմությունն օգտագործելով որպես հայելի, փոխանցում է polit.ru-ն՝ վկայակոչելով Kyodo-ն։
Շաբաթ օրը՝ դեկտեմբերի 13-ին, Չինաստանում առաջին անգամ նշվում է Նանկինյան ջարդի զոհերի հիշատակի օրը։
«ՌԻԱ Նովոստին» հայտնում է, որ 1937թ. դեկտեմբերին Նանկինի ջարդերը ճապոնական օկուպացիայի ամենաարյունալի դրվագներից էին։ Չինական կողմի տվյալով՝ ոչնչացվել էր 300 հազար քաղաքացի, ընդ որում՝ առանձնակի դաժանությամբ։ Պաշտոնական Տոկիոն չի հերքում խաղաղ բնակչության զանգվածային սպանդը, միայն զոհերի թվի հարցում համամիտ չէ։




























