Թուրքիայում 1980-ի սեպտեմբերի 12-ի ռազմական հեղաշրջման գլխավոր հեղինակ, նախկին նախագահ Քենան Էվրենը տարիներ առաջ մի հարցազրույցի ժամանակ հայտարարել էր, որ առանց խղճի խայթ զգալու մահապատժի է ենթարկել 36 քաղաքացու։

Ռասիզմի եւ խտրականության դեմ պայքարող թուրքական DurDe շարժման կայքում ներկայացվել է տարիներ առաջ Milliyet պարբերականում տպագրված հարցազրույցի մի հատված Թուրքիայի նախկին նախագահ Քենան Էվրենի հետ, ով ռազմական հեղաշրջումից հետո ստորագրել էր զինվորականների կողմից ձերբակալված 36 քաղաքացիներին մահապատժի ենթարկելու հրամանը։

«Այդ մահապատիժների հրամանները ստորագրելուց ձեռքերս բոլորովին չէին դողում, այդ պատճառով խղճի խայթ էլ չեմ զգացել»,-հարցազրույցում ասել է Քենան Էվրենը։

DurDe-ն հիշեցնում է, որ այդ ժամանակ նույնիսկ 17-ամյա Էրդալ Էրենի տարիքը մեծացրեցին, որ չափահաս լինի ու նրան էլ մահապատժի ենթարկեցին։

Նշենք, որ 94-ամյա Քենան Էվրենը 1980 թվականի ռազմական հեղաշրջման համար 2014-ի հունիսին դատապարտվել է ցմահ ազատազրկման։