Թուրքիայում «Մեծ կաշառք» գործողության միամյակին ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» (CHP) կուսակցության անդամները պարաստվում են կաշառակերության մեջ մեղադրվող իշխող կուսակցության անդամ, նախկին 4 նախարարների նկարները փակցնել պատերին։
Թուրքական Sozcu պարբերականի փոխանցմամբ՝ «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության անդամները դեկտեմբերի 17-ից 25-ը հայտարարել են կոռոպցիայի դեմ պայքարի շաբաթ եւ պատրաստվում են միջոցառումներ անել «Թալանվեցինք, այ ժողովուրդ, մի մոռացեք դա» կարգախոսի ներքո։
Միջոցառման շրջանակներում նախատեսվում է փողոցներում փակցնել «Մեծ կաշառք» գործողությունից հետո կաշառակերության հետ կապված աղմկահարույց բացահայտումներից հետո պաշտոնից հեռացած իշխող կուսակցության 4 նախարարների նկարները։ Նկարներում նախարարները պատկերված են սեւ դիմակներով։
Նշենք, որ 2013-ի դեկտեմբերի 17-ին Թուրքիայի մի շարք վայրերում տեղի է ունեցել համաժամանակյա գործողություն, որը ստացել է «Մեծ կաշառք» անունը։ Գործողության ժամանակ ձերբակալվել եւ այնուհետ կալանավորվել են նախարարների որդիներ, գործարարներ եւ պաշտոնյաներ։ «Մեծ կաշառք»-ից հետո իշխող կուսակցության 4 նախարարներ ստիպված են եղել հրաժարական տալ։





























