Հայաստանի կառավարությունը քննարկում է Թուրքիա կաշվի արտահանման պաշտպանական տուրքերի կիրառման հնարավորությունը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց «Լեդեր Արտ» (Արմավիրի մարզ) կաշվի ձեռնարկության հիմնադիր եւ տնօրեն Լեւոն Խորոզյանը: Նա նշեց, որ վերջին ամիսներին Էկոնոմիկայի նախարարությունը մի քանի անգամ հանդիպել է կաշվի արտադրությամբ զբաղվող ձեռնարկությունների ներկայացուցիչների հետ:

«Ի ուրախություն մեզ, նախարարությունում քննարկվում է մեր բնագավառի աջակցության օրինագծերի փաթեթը: Մասնավորապես, առաջարկվում է կաշվի հումքի արտահանման մաքսատուրք սահմանել. 1 կգ-ի համար՝ 1 դոլար (դրամական համարժեքով): Մենք միշտ խոսում էինք տուրքի մասին, բայց, ցավոք, մինչեւ հիմա այն չէր կիրառվում»,- նշեց Խորոզյանը:

Բացի այդ, նախատեսվում է թեթեւացնել կաշվի հումքի առք ու վաճառքի հարկային հաշվառումը: Նախ՝ առանց մատակարարին նշելու գնումը նախատեսվում է ազատել 11%-անոց եկամտահարկից (շուկայից գնման ռեժիմ): «Արդյունքում, մեր հումքն այդ 11%-ով ավելի էժան կլինի»,- նշեց Խորոզյանը:

Երկրորդ՝ նախատեսվում է բիզնեսից հանել առանց հաշիվ-ապրանքագրի առեւտրի սահմանափակումը՝ օրական 300 հազար դրամի եւ ամսական 3 մլն դրամի չափով (ընթացիկ փոխարժեքով՝ շուրջ 6.500 դոլար - խմբ.): Դա կաշվի արտադրությամբ զբաղվողներին կօգնի հաղթահարել անասունների մորթի սեզոնին՝ դեկտեմբերին, հումքի հոսքը: «Ասենք՝ այս օրերին ֆերմերը կարող է 15 միլիոնի կաշի բերել: Ներկա սահմանափակումների պարագայում լրացուցիչ վճարումները մեզ համար կորուստ են դառնում»,- հավելեց Խորոզյանը:

Նշենք, որ Հայաստանից կաշվի հումքի արտահանման ավելի քան կեսը (52%), բնական արտահայտությամբ, բաժին է ընկնում Թուրքիային (70.500 մորթի):