Ուզբեկստանի Արվեստի պետական թանգարանի աշխատակիցները մեղավոր են ճանաչվել թանգարանի հավաքածուից արվեստի գործեր վաճառելու մեջ: Դատարանը թանգարանի նախկին գլխավոր վարիչ Միրֆայզի Ուսմանովին դատապարտել է 9 տարի եւ 3 ամիս ժամկետով ազատազրկման:

2000 թվականի սկզբին Ուսմանովն անհայտ անձանց խոստացել է փոխանցել թանգարանում պահպանվող նկարիչներ Հովհաննես Թադեւոսյանի, Ալեքսանդր Նիկոլաեւի, Նիկոլայ Կարախանի, Ռիխարդ-Կառլ Զոմմերի, Վիկտոր Ուֆիմցեւի կտավները: Ըստ Gazeta.uz-ի, թանգարանի ռեստավրատոր Աբդուռահման Մուրանովի հետ նա 2000 թվականի հունվարին դեռեւս չպարզված անձանց 100 դոլարով վաճառել է Նիկոլաեւի «Տղայի նկարը»՝ ցուցանմուշը փոխարինելով պատճենով:

Նույն տարվա ընթացքում նրանք նույն կերպ 800 դոլարով վաճառել են  Թադեւոսյանի «Չայխանան»: 2009 թվականին Ուսմանովի ղեկավարած խումբը կեղծել է Զոմերի եւ Թադեւոսյանի եւս 2-ական նկար, իսկ իրական կտավները վաճառել են 2600 դոլարով:

Ցուցանմուշների վերականգնման լաբորիատորիայի ղեկավար Բախտիյոր Բոտիրովի հետ հանցավոր համաձայնության գալով՝ խումբը Եվրոպայի կերպարվեստի եւ կիրառական արվեստի բաժնից ավելի քան 25 նկար է վաճառել: