Շվեյցարացի մասնագետները հայ փրկարարների վերապատրաստման դասընթացներ կվարեն:

Այսօր՝ դեկտեմբերի 15-ին ՀՀ ՏԿԱԻՆ փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գեներալ-լեյտենանտ Սերգեյ Ազարյանը հանդիպել է Շվեյցարիայի զարգացման ու համագործակցության գործակալության (SDC) «Տարածաշրջանային արագ արձագանքման թիմեր» ծրագրի համակարգող Անտոն Բիլանգին եւ ազգային համակարգող Սերգեյ Հովհաննիսյանին:

Հանդիպման հիմնական նպատակն էր քննարկել հրշեջ-փրկարարների առաջիկայում անցկացվելիք վերապատրաստման դասընթացներն ու վարժանքները եւ շվեյցարական գործակալության կողմից հնարավոր տեխնիկական օժանդակության հետ կապված հարցերը:

Ողջունելով հյուրերին` Ս. Ազարյանը նշեց, որ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունների միավորմամբ գործառույթներն ավելի են ընդլայնվել: ՓԾ տնօրենը նաեւ տեղեկացրեց, որ անհրաժեշտ փրկարարական գույքի ցանկն արդեն ներկայացվել է եւ քննարկվում է գործակալության փորձագետների հետ:

Ա. Բիլանգը կարծիք հայտնեց, որ նախարարությունների միավորումն ավելի ամուր հիմք է ստեղծում համատեղ ծրագրերի իրականացման համար.

«Այս շաբաթ մենք կլինենք Լոռու եւ Տավուշի մարզերում, աշխատելու ենք Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի հետ, կհստակեցնենք հաջորդ տարվա անելիքները, ինչպես նաեւ այն փորձագետների անունները, որոնք վարելու են փրկարարական դասընթացները»:

ՓԾ տնօրենը, հաստատելով համագործակցության պատրաստակամությունը, հանձնարարեց ամենայն աջակցություն ցուցաբերել շվեյցարական գործակալությանը` դասընթացները հնարավորինս արդյունավետ անցկացվելու համար: