Ուկրաինացի օդաչու Նադեժդա Սավչենկոն, ով ռուսական կալանավայրում է, հացադուլ է հայտարարել: Ըստ «Ուկրաինսկայա Պրավդա»-ի, այս մասին Twitter-ում գրել է նրա փաստաբան Մարկ Ֆեյգինը:

Մյուս փաստաբան Իլյա Նովիկովի խոսքով , Սավչենկոն հացադուլ է անում դեկտեմբերի 13-ից:

Օդաչուն նման որոշում է կայացրել բժշկական օգնություն չստանալու պատճառով: Կալանավայրում կնոջ մոտ ականջի բորբոքում են ախտորոշել:

«Այս ամբողջ ընթացքում առաջին անգամ նա անձամբ իր համար օգնություն է խնդրել: Նրա ականջը կրկին բորբոքվել է: Բանտի բժիշկները գլուխ չեն հանում, հիմա այդ ականջն ամբողջությամբ կորցրել է լսողությունը եւ, կարծես, հետո ավելի վատ է լինելու: Մենք խնդրելու ենք անպայման մասնագետ ուղարկել՝ նրան հետազոտելու համար»,- ասել է Նովիկովը:

Նադեժդա Սավչենկոն ձերբակալվել է 2014 թվականի հուլիսի սկզբին, լրագրողներ Իգոր Կոռնելյուկի եւ Անտոն Վոլոշինի սպանությանը մասնակցության կասկածանքով: Հետաքննության վարկածի համաձայն, գնդակոծությունից առաջ Սավչենկոն պարզել է նրանց կոորդինատները եւ փոխանցել ուժայիններին: Դրանից հետո, ըստ Lenta.ru-ի, նշված դիրքերի ուղղությամբ հրթիռակոծություն է սկսվել: