Ցավոք, Հայաստանի Հանրապետական կուսակցությունը տապալեց արտահերթ նիստը եւ երեք ժամ անց հազիվ թե մտադրությունը փոխի: Այդ մասին NEWS.am-ի թղթակցին հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը՝ մեկնաբանելով ՀԱԿ խմբակության քարտուղար Արամ Մանուկյանի վրա հարձակումը քննարկելու ընդդիմության նախաձեռնությունը:

«Նիստի ընթացքում 0 պատգամավորով ներկայացած ՀՀԿ-ն՝ չհաշված ԱԺ նախագահին եւ փոխնախագահին, ցույց տվեց, որ չի պատրաստվում քվորում ապահովել: Իսկ ոչ իշխանական ուժերը, ցավոք, խորհրդարանում մեծամասնություն դեռեւս չեն կազմում՝ ցավոք, սակայն դեռեւս», - հայտարարեց Ուրիխանյանը:

 «Կարծում եմ՝ վաղը իրավիճակը կքննարկվի եւ ինչ-որ բան կձեռնարկվի», - հավելեց նա:

Հիշեցնենք, որ Հանրապետական կուսակցությունը խափանել է պատգամավոր Արամ Մանուկյանի հարցով արտահերթ նիստը: Արտահերթ նիստը սկսվել էր ժամը 18:30-ին, ոչ իշխանական ուժերի նախաձեռնությամբ, որոնք հավաքել էին անհրաժեշտ 44 ստորագրությունները: 3 ժամ անց կրկին կհաշվեն ներկա գտնվողներին: Սակայն, ամենայն հավանականությամբ, նախագահողը կնկատի դատարկ աթոռներ եւ կփակի նիստը: