2014թ. դեկտեմբերի 16-ին Ֆինանսների նախարարությունում անցկացվել է Տնտեսական հարցերով հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի շրջանակում միջանկյալ նիստ` ՀՀ Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի նախագահությամբ:
ֆինանսների նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, թե նիստին մասնակցել են Արտաքին գործերի, Էկոնոմիկայի, Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունների եւ այլ համապատասխան իրավասու գերատեսչությունների ներկայացուցիչներ, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան աշխատակիցներ` դեսպան Ջոն ՀեՖերնի գլխավորությամբ:
Ողջունելով մասնակիցներին` ֆինանսների նախարարն ընդգծել է, որ Հայաստանը բարձր է գնահատում եւ էապես կարեւորում է հայ-ամերիկյան հարաբերությունների ներկա մարկարդակը եւ հետաքրքված է ընդլայնել համագործակցության ոլորտների շրջանակը.
«Հատկապես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել երկկողմ ակտիվ համագործակցության համատեքստում արձանագրված ձեռքբերումների համար՝ մուտքի արտոնագրի դյուրացման եւ ազատականացման գործընթացում, ինչը կնպաստի երկու պետությունների միջեւ համագործացության սերտացմանը: Բարձր եմ գնահատում նաեւ ամերիկյան կողմի` երկու պետությունների միջեւ առեւտրի եւ ներդրումների շրջանակային համաձայնագրի կնքման հնարավորության հարցում դիրքորոշման վերանայումը:
Վստահ եմ, որ համաձայնագրի ստորագրումը մեծ խթան կհանդիսանա երկկողմ տնտեսական հարաբերություններում նոր ու բարենպաստ միջավայրի ստեղծման համար»:
Նախարարը կարեւորել է նաեւ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հետ ձեւավորված ակտիվ, փոխշահավետ եւ արդյունավետ փոխհամագործակցությունն, ինչպես նաեւ կարեւորագույն ոլորտներում իրականացվող բարեփոխումներում ՀՀ-ին ցուցաբերվող օժանդակությունը:
ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնի խոսքով` հայ-ամերիկայն միջկառավարական հանձնաձողովը երկարատեւ համագործակցության կարեւորագուն հարթակներից է դարձել եւ կշարունակի այդպիսինն մնալ:
Կողմերը, նախորդ շաբաթ հայտարարված արտոնագրային ռեժիմի հետ կապված փոխհամաձայնությանն անդրադառնալուց բացի, քննարկել են նաեւ 2013թ. նիստի արդյունքում ստորագրված Գործողությունների ծրագրում ամրագրված մյուս կետերի կատարման ընթացքը: Հայկական կողմը, ներկայացնելով կատարված աշխատանքները, մասնավորապես ընդգծել է լիազորված տնտեսական օպերատորի ինստիտուտի ներդրման, մաքսային ընթացակարգերի պարզեցման, Հարկային օրենսգրքի ստեղծմանն ուղղված աշխատանքերը, էներգետիկայի ոլորտում` «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց I» ծրագրի 1-ին փուլի ֆինանսավորման նպատակով վերջերս կնքված վարկային համաձայնագրի կարեւորությունը:
Կողմերը համաձայնություն են ձեռք բերել Մեծամորի ատոմակայանին տրամադրվող ԱՄՆ աջակցության, մեր երկրում ջրավազանների կառավարման հարցերի շուրջ. Հայաստանը պատրաստակամություն է հայտնել է մինչեւ 2015 թվականի սեպտեմբերը բարելավել ջրի կառավարման մասին օրենսդրությունը:
Նիստի մասնակիցներն անդրադարձել են նաեւ հետագա համագործակցությանը` հստակեցնելով 2015թ. գարնանը նախատեսված Հանձնաժողովի նիստի ընթացքում քննարկման շրջանակները` ներառյալ հնարավոր երկկողմ համաձայնագրերի կնքումը, որոնք կարող են խորացնել տնտեսական ու առեւտրային կապերը երկու երկրների միջեւ:




























