Հուլիսի 10-ին տեղի կունենա «Ժառանգություն» կուսակցության 10-րդ համագումարը, որի ընթացքում նոր վարչություն կընտրվի, կներկայացվեն կուսակցության գործունեության հաշվետվությունը, ինչպես նաեւ պլանները։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց կուսակցության խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանը։
Նա նշեց, որ նոր վարչության կազմում դժվար թե ներկայացված լինեն նրա նախկին անդամները, քիչ են լինելու նաեւ պատգամավորները։ Ինքը Արմեն Մարտիրոսյանը մտադիր չէ առաջադրել իր թեկնածությունը։ Նա նշեց, որ վարչության նախագահի պաշտոնում տեսնում է Րաֆֆի Հովհաննիսյանին, քանի որ դա հասարարական պահանջ է։ Ինչ վերաբերում է իր՝ վարչության ղեկավարի պաշտոնում ծավալած գործունեությանը, Մարտիրոսյանն այն 3-4 բալ գնահատեց։
Նա նաեւ հայտնեց, որ համագումարին կլինեն 400 պատվիրակներ։ Այլ կուսակցության ներկայացուցիչների պաշտոնական հրավերներ չեն ուղարկվի։ Համագումարի ընթացքում կլսվի նաեւ Րաֆֆի Հովհաննիսյանի զեկույցը։ Մարտիրոսյանը հայտնեց, որ ներկայումս «Ժառանգության» շարքերում հաշշվում է 5 հազար անդամ։




























