«Օրինաց երկիր» կուսակցության մի շարք պատգամավորներ (Հեղինե Բիշարյան, Արծրուն Աղաջանյան, Հովհաննես Մարգարյան, Գագիկ Բաղդասարյան, Իշխան Խաչատրյան) օրենքների նախագծերի փաթեթներ են ներկայացրել, որով նախատեսվում է պետական աջակցություն ցուցաբերել ուսումնական վարկերին:

Այսօր կառավարության նիստում ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանն այդ առաջարկությունների մի մասն անվանեց «աբսուրդ», իսկ կառավարությունն ընդհանուր առմամբ բացասական եզրակացություն տվեց: Ֆինանսների նախարարին հատկապես զայրացրել էր այն առաջարկը, որով ուսումնական վարկերի տոկոսադրույքը պետք է 2 տոկոսային կետով պակաս լինի Կենտրոնական բանկի վերաֆինանսավորման տոկոսադրույքից, որը ներկայում կազմում է 7.25 տոկոս: Ֆինանսների նախարարը անընդունելի համարեց նաեւ այն հանգամանքը, որ ուսումնական վարկերի մարման ողջ պարտավորությունը դրվում է պետբյուջեի վրա, որը պետական ֆինանսական համակարգում անհարկի ծանրաբեռնածություն է առաջացնելու: «Այս նախագծերը շուկայում կառաջացնեն շեղումներ, եւ դրանք համարում ենք բացարձակ անընդունելի»,- եզրակացրեց ֆինանսների նախարարը: