Նորալուսնի մեկնարկով փետրվարի 19-ին ազդարարվում է արեւելյան նոր տարին, եւ 2015թ հերոսը՝ կապույտ, փայտյա այծը մտնում է իր լիազորությունների մեջ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց աստղաբան-էզոթերիկ Գուրգեն Հովհաննիսյանը:
Տարին գտնվում է կանացի (ին) էնեգիայի ներքո, իսկ կանացի էներգիան պահպանելու ու կուտակելու հատկություն ունի: Ըստ գլոբալ աստղաբանության՝ 2015թ Մարսի տարին է, որը ղեկավարում են երկու նշաններ՝ խոյ եւ կարիճ: Գուրգեն Հովհաննիսյանն ասաց, որ այծը եւ Մարսը բավական համահունչ են, Մարսը ղեկավարող երկու նշաններից էլ կարիճն արտահայտում է կանացի ազդեցությունը, հետեւաբար՝ տարվա ընթացքում կդոմինանտի Մարս-Կարիճ ազդեցությունը: Սա, ըստ աստղաբանի, նշանակում է, որ 2015թ մեր երկրի վրա կազդեն գլոբալ փոփոխությունները եւ զարգացումները:
Աստղաբան-էզոթերիկի կանխատեսմամբ՝ 2015թ Հայաստանում կտրուկ իրադարձություններ չեն սպասվում, ամեն ինչ տեղի կունենա բնականոն, կլինեն պրագմատիկ գործընթացներ, կուտակման, ուժերի արտահայտման, դրսեւորման, պահպանման տարի է: «Հիմնականում կանխատեսելի գործընթացներ կլինեն, կտրուկ փոփոխություններ չեն լինի, նոր, արտահերթ ընտրություններ, իշխանափոխություն կամ ընդդիմության դաշտում նոր վերադասավորումներ չի կանխատեսվում, տարին հանդարտ է լինելու: Այս տարի կամքի արտահայտման տարի է, գնալով մրցակցությունը թեժանալու է, կամային դրսեւորումները ավելի կուժեղանան»,-մեր հարցին ի պատասխան՝ ասաց Գուրգեն Հովհաննիսյանը:
Ինչ վերաբերում է սոցիալ-տնտեսական վիճակին, նա նշեց, որ քանի որ մեր ժողովուրդը չափից շատ է կենտրոնացել սոցիալական խնդիրների վրա, մրցավազքի պայմաններում պատրանքներ են ստեղծել, որոնք աշխատում են ամեն գնով պահպանել, իսկ այս տարի պատրանքներից ազատվելու տարի է, դա սովորաբար ուղեկցվում է սթրեսներով, դեպրեսիաներով, ինչը բնականոն է: Հետեւաբար, ըստ նրա, ճիշտ կլինի կարողանալ ժամանակին ազատվել դարը ապրած հին մտքերից, իրավիճակներից, որոնք արհեստականորեն են պահում: Դրանից բացի՝ աստղաբան-էզոթերիկը շեշտում է, որ շատ ենք կենտրոնացած մեր ցավերի, տառապանքների վրա եւ մտածում ենք, թե եթե շատ ենք տառապել, դա մեծ արժեք կբերի:
Նրա խոսքով՝ այս տարի եւս կշարունակվի ԵՏՄ, թե ԵՄ ուղղությունների հետ կապված խնդիրները, երկուսն էլ շրջադարձային փոփոխությունների կենթարկվեն, ինչը կարող է լինել կտրուկ կամ դանդաղ: Եթե փետրվարի 19-ապրիլի 7-ը Ուկրաինայի մասով երկրները համաձայնության չգան, բարդ խնդիր առաջ կկանգնեն, ինչը կազդի նաեւ Հայաստանի վրա: Գուրգեն Հովհաննիսյանն ասաց, որ 2015թ երրորդ համաշխարհային պատերազմ չի լինի, բնական աղետները անխուսափելի են, բայց աննախադեպ ոչինչ չի լինի: Հայաստանի պարագայում պատերազմի կամ առճակատման վտանգ, ըստ աստղաբան-էզոթերիկի, չկա, բայց մյուս կողմից էլ նա շեշտեց, որ հանգիստ կյանքը վերացել է եւ նույնիսկ չի էլ եղել, պետք է ստեղծել այն կայունությունը եւ հարմարավետ կյանքը, որ փնտրում, ձգտում եւ երազում ենք:




























