Հայաստանից ԵՏՄ մյուս տարածքներ բեռնափոխադրումների ռեժիմը մինչեւ վերջ հստակեցված չէ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի միջազգային փոխադրողների ասոցիացիայի նախագահ Հերբերտ Համբարձումյանը:
Նա նշեց, որ Ռուսաստանում ներքին դժվարություններ կան TIR-ում (Միջազգային բեռնափոխադրումների մաքսային կոնվենցիա): «Այդ խնդիրներն իրենց մաքսատանն են, դրանք ներքին բնույթի են: Նրանք ընդունում են արտասահմանյան բեռները, սակայն առանց TIR-ի գրքույկի: Պետք է առանձին ապահովագրական վճար կատարել սահմանին: Սակայն ես տարբերություն չեմ տեսնում: Ինչ տարբերություն՝ TIR գրքույկի համար 110 դոլար վճարել, թե մաքսատանը ապահովագրական վճար կատարել», - նշեց Համբարձումյանը:
Հարցին՝ կարող է արդյոք ռուսական մաքսատունը ամբողջ բեռի կամ դրա մի մասի չափով վճար պահանջել, Համբարձումյանը նշեց, որ նման հարցերի դժվար թե այսօր որեւէ մեկը կարող է պատասխանել: «Միայն մի բան կարող եմ ասել. սա չկտրած ձմերուկ է: Կարմիր այն կլինի, թե սպիտակ, ժամանակը ցույց կտա: Սակայն ընդհանուր առմամբ, կարծում եմ, մեր բեռնափոխադրողների համար պայմանները լավ կլինեն: Պարզապես դեռ անպատասխան հարցեր են մնացել», - ասաց Համբարձումյանը:




























