Վիկինգների արշավանքների մասին քիչ բան է հայտնի. այդ բացթողումը լրացնելու համար Աբերդինի համալսարանում հնագետների խումբ է հավաքվում, հաղորդում է «Գիտություն եւ կյանք» ամսագիրը:

Դոկտոր Իրենա Գարսիա Լոսկինյոյի խոսքով՝ գիտնականները գիտեն միայն յան, որ վիկինգները Իսպանիայում են եղել մոտավորապես 840 թվականի եւ XI դարի միջեւ ընկած ժամանակահատվածում: Այդ երկրում վիկինգների առկայությունը շարժել է գիտնականների հետաքրքրություն, երբ այս տարվա մարտին Գալիցիայի ափերին փոթորիկը բազմաթիվ սկանդինավյան խարիսխներ է ափ նետել:

Ափի այդ հատվածում բլուր կա: Նախնական երկրաֆիզիկական հետազոտությունները ցույց են տալիս, որ այդ բլուրը իրենից «լոնգֆորտ» է ներկայացնում (նավերի կայանատեղի կամ առափնյա ամրություն): Նմանատիպ կառույցներ կան նաեւ Իռլանդիայում եւ Անգլիայում: Հնարավոր է, վիկինգները դրանք օգտագործել են ձմեռելու համար:

Գրավոր աղբյուրներից հայտնի է, որ վիկինգները առաջին անգամ հայտնվելով հյուսիսային Իսպանիայում, գրավել են մի քանի քաղաքներ եւ հասել մինչեւ Գալիցիայի մայրաքաղաք Սանտյագո: Դրանից հետո սկանդինավցիները այդ տարածքում անցկացրել են երեք տարի, սակայն հայտնի չէ, թե այդտեղ ինչով են զբաղվել:

Գարիսա Լոսկինյան նշում է, որ վիկինգների մի մասը մնացել է ապրելու Իսպանիայում: Ոմանք կարծում են, որ հենց այդ պատճառով Գալիցիայի շատ բնակիչներ շեկ մազեր ու երկնագույն աչքեր ունեն:

Դոկտորը պատրաստվում է  2015-ի գարնանը հնագիտական հեազոտություն սկսել Գալիցիայում: