Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարարությունը մանկապարտեզների աշխատակիցներին կոչ է արել տեղեկացնել ահաբեկչական հակումներ ունեցող երեխաների մասին: Տվյալ միջոցառումները հակաահաբեկչական ծրագրի մասն են կազմում:

Մանկապարտեզների աշխատակիցները հետայսու պարտավոր են «կանխարգելել մարդկանց ահաբեկչական հակումները»:

Նախարարության ներկայացուցիչը հայտարարել է, որ անձնակազմը պետք է  միջոցներ ձեռնարկի՝ առանց միջամտելու երեխաների ընտանեկան կյանքին, այլ միայն նրանց օգնի, եթե նրանք կասկածելի վարք դրսեւորեն: Ամենայն հավանականությամբ,  մանկատների աշխատակիցները պետք է զեկուցեն այն դեպքերի մասին, երբ երեխաները հակասեմական հայտարարություններ անեն,  նշում է «Ռոսիյսկայա գազետան»:

Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի ՆԳ նախարար Թերեզա Մեյը հայտարարել էր, որ ահաբեկչության սպառնալիքը երբեք  երկրի առաջ այսքան սրությամբ չէր ծառացել: Բրիտանացիների անվտանգության կարեւորագույն սպառնալիքների շարքում նախարարը նշել է Սիրիայից եւ Իրաքից վերադարձած երկրի քաղաքացիներից բխող սպառնալիքը: