Թուրքիայի պետական  հանրային հեռուստաընկերությունը՝ TRT-ն,  չի թույլատրել ստամբուլահայ հայտնի երգիչ Հայկոյի որդու՝ Ալեքսի նոր ալբոմում ներառված հայերեն  «Վշտով լեցուն» ստեղծագործության եթեր արձակելը՝ համարելով այն վտանգավոր։

Թուրքական Haberturk-ի փոխանցմամբ՝  Ալեքսը հոր կողմից գրված եւ կատարված «Վշտով լեցուն» երգը կրկին ձայնագրել է Ստամբուլի հայկական մանկական երգչախմբի հետ, որը պետք է տեղ զբաղեցնի Ալեքսի նոր երաժշտական ալբոմում։ Սակայն, TRT-ի վերահսկողական խորհրդի որոշումը զարմացրել է հայազգի երգչին։

Հայազգի Ալեքսը նշել է, որ իր երգով չի ցանկացել, որեւե քաղաքական ուղերձ հաղորդել։ «Հայրիկիս կողմից գրած երգը ձայնագրման տաղավարում մանկական երգչախմբի հետ կատարելիս բավական զգացմունքային պահեր եմ ապրել։ Երգի հայերեն բառերը լրիվ սիրո մասին են։ Արգելելը՝ խնդրի լուծում չէ։ Իմ կարծիքով, այն պետք է թողնել ժողովրդի ընտրությանը։  Ժողովուրդը, երգը կամ երգչին չլսելով է իրականացնում ամենալավ արգելքը»,- նշել է Ալեքսը։

Հատված «Վշտով լեցուն» երգից.

Քեզ տեսնելուն պես, սիտս սիրով է լցվել՝
Հին օրերը հիշեցի,
Աչքերս լի են արցունքներով։
Կյանքս այսպես անցավ՝
Վշտով լեցուն հիշողություններով,
Ո՞ր դուռը թակեմ: