Ադրբեջանը երբեք չի կարող հարձակվել մեր վրա, խաղաղ բնակիչների վրա հարձակվելով ռամիլսաֆարովական քայլ է անում՝ փորձելով ստեղծել լարվածություն: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արցախյան պատերազմի հերոս, գեներալ-լեյտենանտ Արկադի Տեր-Թադեւոսյանը՝ Կոմանդոսը:
Նրա խոսքով՝ ինչպես Ադրբեջանն է հանցագործ, այնպես էլ Ֆրանսիայում լրագրողներին սպանողը, եւ եթե այնտեղ 2 մարդ է, այստեղ մի ամբողջ պետություն է, կառավարություն: Կոմանդոսը նշեց, որ Հայաստանը հունվարի 1-ից մտել է ԵՏՄ, հետեւաբար մեր դաշնակից երկրները պետք է հայտարարությամբ հանդես գան, քանի որ այդ ոտնձգությունը նաեւ իրենց դեմ է: «Ադրբեջանը հարձակվում է Հայաստանի վրա, հիմա Հայաստանը մտել է ԵՏՄ, ստացվում է, որ Ադրբեջանը Ռուսաստանի, Ղազախստանի, Բելառուսի դեմ է հարձակում, իսկ իրենք ձայն չեն հանում, չեն ասում՝ մեր դաշնակիցն է, չի կարելի, ԵՏՄ անդամ երկրները հայտարարության պետք է հանդես գան, բայց հիմա կարծես իրենց համար միեւնույն է»,-ասաց Կոմանդոսը:
Արկադի Տեր-Թադեւոսյանը նշեց, որ սահմաններին լարվածությունն միշտ էլ կլինի, բանակն էլ մնում է բանակ, այնտեղ տոնական օր, կերուխում, հարբած մարդ չկա: Նա նշեց, որ Ադրբեջանը շատ «նագլի» է, ոտնահարում է բոլոր միջազգային նորմերը:
Նշենք, որ տոնական օրերին Ադրբեջանը ինտենսիվորեն խախտել է հրադադարի ռեժիմը, երկու կողմից էլ այս օրերին եղել են բազմաթիվ զոհեր: Իսկ վերջին դեպքն այն էր, երբ Հայոց բանակի արագ արձագանքման համապատասխան ստորաբաժանումը դարանակալել եւ չեզոքացրել է Հայաստանի պետական սահմանը խախտած դիվերսիոն խմբի գործողությունները: Հակառակորդի դիվերսիոն խմբի մի անդամի դիակը գտնվում է միջդիրքային տարածքում: Ցավոք, փոխհրաձգության ընթացքում զոհվել է նաեւ տարածքում գտնվող հովիվ Սերյոժա Նիկոլայի Սարգսյանը (ծնված 1935 թ.):



























