Ամերիկյան հեղինակավոր «New York Times» պարբերականը Ադրբեջանի նախագահի մասին հոդված է հրապարակել՝ «Պարոն Ալիեւի երկու երեսները» վերնագրով:
Հոդվածում հեղինակները հիշեցնում են, որ Ալիեւը WikiLeaks-ի հրապարակած գաղտնի նյութերում անվանվել էր Մայքլ Կարլեոնե: «Ալիեւը «արեւմտամետ» մարդ է՝ այն տեսանկյունից, որ հիացնում է Արեւմուտքը: Նա հարգալից է, լավ հագնված եւ լավ անգլերեն է խոսում, պատրաստ է նավթ ու գազ մատակարարել Եվրոպա եւ Իսրայել, նրա իսլամը զուսպ է եւ ժամանակակից, նա հյուրընկալում է միջազգային շքեղ միջոցառումներ, ինչպիսիք են եվրատեսիլն ու Եվրոպական խաղերը, որոնք կկայանան հունիսին», - գրում է հեղինակը:
Սակայն այդ ամենով հանդերձ, գրում է խմբագրությունը, Ալիեւը կոռումպացված է, նրա բռնապետական ռեժիմն աշխարհում վատագույններից է մարդու իրավունքների տեսանկյունից»: Հեղինակը հիշեցնում է ազատ մամուլի եւ ոչ կառավարական կազմակերպություններին ճնշելու մասին, մասնավորապես՝ Բաքվում «Ազատություն» ռադիոկայանի գրասենյակի ստուգումների մասին: Բացի դրանից, մի քանի շաբաթ առաջ Ադրբեջանի կառավարությունը կալանավորել էր լրագրող Խադիջա Իսմայլովային, որը գրել էր Ալիեւի ընտանիքի գործարքների մասին: Ռեժիմի այլ քննադատներ՝ Յեյլա Յունուսն ու նրա ամուսինը, շարունակում են մնալ բանտում անցյալ տարվա ապրիլից:
Ալիեւն, իհարկե, միակ բռնապետը չէ, որի հմուտ քաղաքականությունը եւ արժեքավոր բնական ռեսուրսների նկատմամբ վերահսկողությունը ամերիկացի եւ եվրոպացի քաղաքական գործիչներին դրդել են նրան, ինչը WikiLeaks-ի նյութերում բնութագրվում է որպես «ընտրություն ԱՄՆ շահերի եւ ամերիկյան արժեքների միջեւ»: Հեղինակը նշում է, որ նրա հայրը՝ Հեյդար Ալիեւը, Ադրբեջանը երկաթե ձեռքով կառավարել է սկզբում որպես խորհրդային ղեկավար, այնուհետեւ՝ որպես նախագահ: Որդին՝ Ադրբեջանի նավթային հարստության օգնությամբ, անշեղորեն երկիրը կառուցել է հոր անձի փառաբանությամբ եւ երեք կասկածելի ընտրություններով:
«Չնայած որ Ալիեւը բարեկամություն է փնտրում Արեւմուտքի հետ, նա վստահ է, որ արտասահմանյան բյուջետային կազմակերպությունները, այդ թվում նաեւ «Ազատություն» ռադիոկայանը, ձգտում են իրեն իրենց կողմը գրավել: Բռնապետական իր գործընկեր Վլադիմիր Պուտինի հանգույն նա ամերիկյան թշնամական ձեռքն է տեսնում ամենուր՝ սկսած Ուկրաինայում նախագահ Վիկտոր Յանուկովիչին տապալելուց մինչեւ զանազան արաբական ապստամբություններ, եւ նա որոշել է նմանատիպ ցանկացած ընդդիմություն վիժեցնել հենց սաղմնային վիճակում: Արեւմուտքը պետք է հասկանա, որ բռնապետ Ալիեւը իրական պրն Ալիեւն է: Այն ժամանակ, երբ նա արագացնում է հակառակորդներին ջախջախելու եւ կեղծ ազատության իր քարոզարշավը, ԱՄՆ-ն եւ Եվրոպան պետք է հստակ հասկացնեն, որ այն ժամանակ, երբ հարկադրված են գործ ունենալ նրա հետ, իրենք ոչ մի մոլորություն չունեն, թե իրականում ով է նա եւ ինչ վնաս է հասցնում իր երկրին», - նշում է հեղինակը:




























