Հայաստանում իշխանության բոլոր ճյուղերը նախագահի աթոռի շուրջ են կենտրոնացած. Հարկավոր է հրաժարվել այդ աթոռից՝ երկրում իրական փոփոխություններ սկսելու համար: Այս մասին հունվարի 13-ի մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ անդրադառնալով կուսակցության ներկայացրած 10 կետերին, որոնցում կան սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի հետ կապված գնահատականներ ու առաջարկներ:

Ըստ պատգամավորի՝ կարեւոր քայլ է կատարվել. Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգում ամրագրվել են ՀՅԴ-ի հիմնական մոտեցումները եւ տեսակետները: «Բնականաբար, սա լավ հիմք է, սակայն բավարար չէ, անհրաժեշտ է, որպեսզի վերացվեն հայեցակարգում տեղ գտած մի քանի անորոշություններ: Մենք միշտ էլ ասել ենք, որ Հայաստանում ստեղծված իրավիճակը պահանջում է  ոչ միայն իշխանափոխություն, այլեւ լիարժեք իշխանափոխություն, այն իմաստով, որ դրան զուգահեռ պետք է համակարգային փոփոխություններ կատարվեն», - նշել է Արմեն Ռուստամյանը: Իշխանությունից ժողովրդի դժգոհության հիմնական պատճառն այն է, շարունակել է նա, որ նույնականացվում են իշխող կուսակցությունը եւ պետությունը, եւ քանի դեռ այդ իրավիճակը չի փոխվել, չպետք է դրական ոչինչ ակնկալել: 

«Սահմանադրությունը պետք է ամրապնդի ոչ միայն կառավարման համակարգի փոփոխման  եւ խորհրդարանական համակարգի անցնելու մեխանիզմները, այլեւ այն մեխանիզմները, որոնք առավել լիարժեք կդարձնեն հակակշիռը եւ զսպումները՝ իշխանական համակարգի շրջանում: Մենաշնորհի վերացման գլխավոր ուղղությունը պետք է դառնա լիարժեք եւ գործող մեխանիզմների ներդրումը, որոնք կզսպեն իշխանությանը՝ առանձնացնելով նրա ճյուղերը», - ընդգծել է Ռուստամյանը: Նա հավելել է, որ առաջիկայում նախատեսված են քաղաքական խորհրդակցություններ: «Հաջորդ փուլը նախագահի հետ խորհրդակցություններն են, իսկ մյուս փուլում  կսկսվեն քննարկումներն արդեն  ԱԺ-ում», - ասել է պատգամավորը: