Ահաբեկչությունների սպառնալիքը պահպանվում է ինչպես Ֆրանսիայում, այնպես էլ նրա սահմաններից դուրս: Այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը՝ ահաբեկչությունների հետեւանքով զոհված ոստիկանության աշխատակիցների հիշատակի արարողության ժամանակ:

«Ահաբեկչության սպառնալիքը դեռեւս պահպանվում է, երբեմն այն մեզնից հեռու է, մեր երկրի սահմաններից դուրս... Սպառնալիքը պահպանվում է նաեւ մեր երկրի տարածքում, եւ մենք պետք է ուժեղացնենք զգոնությունը», - հայտարարել է Օլանդը, հայտնում է «Ֆրանս-Պրես» գործակալությունը:

Բոլոր զոհված ոստիկանները հետմահու ներկայացվել են Ֆրանսիայի պատվավոր Լեգիոնի շքանշանին (պետական բարձրագույն պարգեւին):

Օլանդի խոսքով՝ ոստիկանները զոհվել են, որպեսզի Ֆրանսիայի ժողովուրդը ապրի ազատ: «Կլարիսան, Ֆրանկը, Ահմեդը զոհվեցին, որպեսզի մենք ազատ ապրենք: Հենց դա են ցանկացել արտահայտել կիրակի փողոց դուրս եկած մեր համաքաղաքացիները, որպեսզի հայտարարեն ազատությանը, ժողովրդավարությանն ու եղբայրությանը իրենց հավատարմության մասին, որպեսզի երախտագիտություն հայտնեն իրավապահ մարմիններին: Ամբողջ Ֆրանսիան կիսում է ձեր ցավը», - ընդգծել է Ֆրանսիայի նախագահը՝ դիմելով զոհված ոստիկանների հարազատներին, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: