ՆԱՏՕ-ն մտադիր է ավելացնել Բալթյան տարածաշրջանում զորավարժությունների թիվը, փոխանցում է «Ռեյթեր» գործակալությունը՝ վկայակոչելով Եվրոպայում ՆԱՏՕ-ի գլխավոր հրամանատար, ամերիկացի գեներալ Ֆիլիպ Բրիդլավին:

Բրիդլավն ասել է, որ ՆԱՏՕ-ն մտադիր է Բալթյան տարածաշրջանում սաստկացնել որոշ զորավարժություններ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

Ուկրաինայում ճգնաժամն սկսվելուց հետո ՆԱՏՕ-ն ուժեղացրել է իր ներկայությունը Բալթյան տարածաշրջանում: Բալթյան երկրներում մայիսի 1-ից ՆԱՏՕ-ի օդային տարածքի պահպանության առաքելության ստորաբաժանումները տեղակայվում են ոչ միայն  Լիտվայում, որտեղ կործանիչների քանակը հասնում է ութի, այլեւ Էստոնիայում, ուր ուղարկվել են Դանիայի թագավորական ՌՕՈՒ-ի F-16 չորս կործանիչ: Ապրիլի վերջին տարածաշրջան են ժամանել նաեւ ԱՄՆ ցամաքային զորքերի շուրջ 600 զինվորական, որոնք մասնակցում են տարբեր   զորավարժությունների: Դաշինքի գլխավոր քարտուղարը նախկինում նաեւ հայտարարել էր, որ Մերձբալթիկայի երկրները, Լեհաստանը եւ Ռումինիան ցանկություն են հայտնել ՆԱՏՕ-ի արագ արձագանքման հենակետեր տեղակայել: