ՄԻԵԴ հայաստանյան մրցույթը չեղյալ հայտարարելուց հետո նորից պետք է հանձնաժողով ստեղծվի, նիստեր գումարեն եւ մրցույթ հայտարարվի: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Իրավունքի Եվրոպա միավորման» հասարակական կազմակերպության անդամ, փաստաբան Տիգրան Եգորյանը:

Նա շեշտեց, որ այս անգամ պետք է ամեն ինչ լինի թափանցիկության, հրապարակայնության եւ օբյեկտիվության չափանիշներին համապատասխան կլինեն: Ըստ որում՝ այս ամենը կազմակերպելու համար բավականին քիչ ժամանակ կա, հաջորդ քվեարկությունը ԵԽԽՎ-ում ապրիլ ամսին է, այսինքն՝ մինչ այդ պետք է հասցնել ամեն ինչ կազմակերպել:

Իսկ թե ինչպես եղավ, որ հայաստանյան մրցույթը չեղյալ համարվեց, Տիգրոն Եգորյանը պարզաբանեց, որ պետությունը ստացավ Եվրոպայի խորհրդի մասնագիտական խորհրդատվական մարմնի բացասական եզրակացությունը ցուցակի վերաբերյալ, մասնավորապես՝ պետությունը այդ երեք թեկնածուների մասով ստացավ եզրակացություն առ այն, որ նրանք չեն համապատասխանում Եվրոպական կոնվենցիայի 21-րդ հոդվածի 1-ին մասի չափանիշներին՝ իրազեկ, ճանաչված, գիտակ  իրավաբաններ չափանիշին, հետեւաբար՝ չեն համապատասխանում Եվրոպական դատարանում դատավորի պաշտոն զբաղեցնելու չափանիշներին: Փաստաբանն ասաց, որ Հայաստանից ներկայացված երեք դատավորի թեկնածուներն էլ որակազրկվել են, ինչը նշանակում է, որ նրանք եվրոպական որեւէ մարմնում աշխատելու հավակնություններ չեն կարող դրսեւորել:

Տիգրոն Եգորյանը շեշտեց, որ այստեղ մեծ նշանակություն ունի այս վերջին ժամանակահատվածոմ այդ խորհրդատվությունը ունենալու պայմաններում պետության կողմից կրկին ծածուկ քաղաքականության շրջանականներում իրականացված գործողությունները: «Չէր բացահայտվում այդ մարմնի բացասական եզրակացությւնը, շարունակում էին տեղեկություններ տարածել, թե ամեն ինչ նորմալ է, ցուցակը չի մերժվել, բացասական եզրակացության չի արժանացել, ընթացակարգային փուլում է: Ընդհուպ մինչեւ վերջին օրերը ՀՀԿ-ից Արփինե Հովհաննիսյանը հայտարարում է որ այդ հետաձգումները պայմանավորված են Եվրոպայի խորհրդի ընթացակարգային հարցերով»,-ասաց Տիգրան Եգորյանը:

Նշենք, որ ՄԻԵԴ դատավորի պաշտոնում ՀՀ-ից առաջադրված թեկնածուներն էին՝ ՀՀ նախկին ՄԻՊ, ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնակատարի տարածաշրջանային ներկայացուցիչ Արմեն Հարությունյան, «Արդարադատության ակադեմիա» ՊՈԱԿ-ի դասախոս Արայիկ Ղազարյան եւ գլխավոր դատախազության միջազգային-իրավական կապերի բաժնի պետ Նելիկ Հարությունյան։  Սերժ Սարգսյանը չեղյալ է ճանաչել հայաստանյան մրցույթի արդյունքները: